2019 թվականի վերջին կամ եկող տարեսկզբին զորքերը կստանան «Արմատա» Տ—14 տանկերի առաջին փորձարարական–արդյունաբերական խմբաքանակը։
Այս մասին, «ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ, ասել է Ռոստեխի ղեկավար Սերգեյ Չեմեզովը։
Հայտնի տվյալներով՝ տանկերն ունեն 1500 ձիաուժ հզորությամբ դիզելային շարժիչներ ու համալրված են 125 մմ 2Ա82 թնդանոթով։
Ռուսաստանի բանակին այս տանկերի տրամադրումը արդեն մի քանի անգամ հետաձգվել է: 2014-ին նշվում էր, որ տանկը պատրաստ է լինելու 2015-ի վերջին և զորքերին է մատակարարվելու 2016 թվականին: 2015-ին տանկի մի քանի օրինակ արդեն պատրատվել էին և ներկայացվել են Մոսկվայում զորահանդեսի ժամանակ:
Խոչընդոտներից էր նաև տանկերի բարձր գինը, որի շուրջ նախարարությունը բանակցում էր արտադրող ընկերության հետ: 2015 թվականին Տ–14 տանկը գնահատվում էր 400-500 միլիոն ռուբլի (այն ժամանակվա փոխարժեքով 6-7 միլիոն դոլար), իսկ 2016 թվականին՝ շուրջ 2 անգամ քիչ։ 2018 թվականին երկար բանակցություններից հետո տանկերի գինը՝ ըստ «gazeta.ru»-ի իջավ մինչև 320–350 միլիոն ռուբլի (4.2–4.6 միլիոն դոլար)։