Ռուսաստանը պատրաստ է Թուրքիային վաճառել չորրորդ սերնդի Սու-35 կործանիչներ այն պայմանով, որ Թուրքիան գնի հինգերորդ սերնդի Սու-57-երը։ Մինչ այսօր կողմերը երբևէ չեն բանակցել բացառապես Սու-57-ի վաճառքի համար։
Այս մասին այսօր Դուբայում ավիացուցահանդեսի ընթացքում Defense News-ին հայտնել է ռուսական պետական ռազմարդյունաբերական «Ռոստեխ» ընկերության միջազգային համագործակցության գծով տնօրեն Վիկտոր Կլադովը, փոխանցում է ռուսական պետական «ՏԱՍՍ» գործակալությունը։
« ․․․ Նրանք [Թուրքիան — Ռազմինֆո խմբ.] ուզում են զարգացնել իրենց ինքնաթիռները, և մենք հիմա ունենք նախնական բանակցություններ ուղղված Սու-35-երին, այն պայմանով, որ Թուրքիան պլանավորի գնել Սու-57 ․․․ »,– ասել է Կլադովը։
Կլադովը, պատասխանելով հարցին՝ արդյոք հնարավոր է, որ թուրքական արտադրության առաջին կործանիչի՝ TF-X-ի համար լինի համատեղ արտադրություն, ասել է, որ Մոսկվան կա՛մ կարող է օգնել շարժիչի հարցում կա՛մ դառնա լիարժեք գործընկեր։
Հիշեցնենք, որ Թուրքիան Ռուսաստանից 2017թ․ գնեց Ս-400 ՀՕՊ համակարգեր, որոնց մատակարարումները սկսեց 2019թ․ հուլիսի 12-ին։ Այս գործարքին դեմ ԱՄՆ-ն մատակարարումներից հինգ օր հետո՝ հուլիսի 17-ին, հայտարարեց, որ Թուրքիայի անդամակցությունը F-35-երի ծրագրին մինչև 2020թ․ մարտ սառեցվում է, իսկ թուրք օդաչուները, կիսատ թողնելով դասընթացները, վերադարձան Թուրքիա։
2019թ․ նոյեմբերի 13-ին Վաշինգթոնում հանդիպման ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին քննարկեցին այս հարցը, այնուհետև հայտարարեցին, որ երկկողմ բանակցությունները շարունակվելու են, մինչև «Ս-400-ների խնդրի լուծումը»։
Մինչ հարցը «կլուծվի», թուրքական ու ռուսական մեդիայում ակտիվ քննարկվում է այն հարցը, որ Թուրքիան F-35 կործանիչի փոխարեն կարող է գնել ռուսական Սու-57-ը։ Ավելին՝ 2019թ․ օգոստոսի 27-ին պաշտոնական այցով Ռուսաստան մեկնած Էրդողանը ավիացիոն ցուցահանդեսից առաջ ՌԴ նախագահ Պուտինին հարցրեց․ «Սա Սու-57 է՞ ․․․ մենք սրանի՞ց ենք գնելու»։
Հավանական է, որ Սու-57-ի մասին քննարկումներն առայժմ նախազգուշացումներ են ամերիկյան կողմին այն մասին, որ եթե F-35-երը չլինեն Թուրքիան ուրիշ այլընտրանքներ կգտնի, սակայն չի կարելի նաև բացառել հնարավոր գնումը, քանի որ ռուսական արտադրության ՀՕՊ համակարգերն, այնուամենայնիվ, այժմ ՆԱՏՕ անդամ Թուրքիայի տարածքում են։