«Ռոսoբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսանդր Մեխտիևը լրագրողներին տեղեկացրել է, որ Ռուսաստանն ու Սերբիան դադարեցրել են բանակցությունները՝ բալկանյան երկրին բազմաֆունկցիոնալ Սու-30 կործանիչի տրամադրման վերաբերյալ։
Պարզվում է՝ բանակցություններն ընթացքի մեջ էին, երբ Սերբիան հայտնեց իր ֆինանսական դժվարությունների մասին։
Ընդ որում, ներկայումս բելառուսյան Բարանովիչներում տեղակայված է 18 միավոր Սու-30Կ կործանիչների խմբաքանակ, որը Հնդկաստանը վերադարձրել է «trade-in» համակարգով՝ փոխարինելով ավելի կատարելագործված Սու-30ՄԿԻ ինքնաթիռներով։ Մեխտիևի խոսքերով՝ ներկա դրությամբ բանակցություններ են ընթանում կործանիչների արդիականացման ու Եթովպիային տրամադրելու ուղղությամբ։
Նշենք, որ Մեխտիևը չի հայտնել բանակցությունների մանրամասները, չի մեկնաբանել նաև՝ արդյոք դրանք Սերբիային առաջարկած ինքնաթիռներն էին, թե ոչ։
Հավելենք, որ 2009-ի սկզբին Սերբիայի ՊՆ-ն մտադիր էր ձեռք բերել մի քանի կործանիչներ, որոնք ունակ են ցամաքային թիրախ ոչնչացնել և հետախուզման նպատակով օգտագործել։ Որպես հնարավոր տարբերակներ դիտարկվում էին ամերիկյան F-16 Fighting Falcon ու F/A-18 Super Hornet-ը, եվրոպական Eurofighter Typhoon-ը, շվեդական JAS 39 Gripen-ն ու ռուսական ՄիԳ-29 и Սու-30։
Ընթացիկ տարվա ապրիլին հայտնի դարձավ, որ Սերբիան ցանկանում է ՌԴ-ից գնել 6 միավոր ՄիԳ-29Մ/Մ2 կործանիչներ։ Պայմանագիրը նախատեսվում էր ստորագրել 2013-ի վերջին։
Ավելի ուշ հաղորդվում էր, որ Ռուսաստանը Սերբիային կտրամադրի արտահանման վարկ՝ սպառազեն ու զինտեխնիկա գնելու համար, այդ թվում՝ Միգ-29 ու վերգետնյա ռադիոտեղորոշման կայաններ։ Այս հնարավոր գործարքի մանրամասները ևս հայտնի չեն։