Նոյեմբերի 19–ին Ռուսաստանի ռազմածովային ուժերի Սևծովյան նավատորմում սկսել է զորավարժություն, որին ներգրավված է շուրջ 10 միավոր ռազմանավ և ռազմածովային ավիացիայի Սու-30ՍՄ կործանիչներ։
Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը՝ նշելով, որ զորավարժությանը մասնակցում են «Ադմիրալ Էսսեն» ֆրեգատը, հրթիռային փոքր «Վիշնիյ Վոլոչյոկ» նավը, մեծ դեսանտային «Ազով» ռազմանավն ու այլ նավեր։
Նավատորմը զորավարժության ընթացքում խաղարկելու է ծովային մարտի, պայմանական հակառակորդի առափնյա հրամանատարական կետերի ոչնչացման և օդային պաշտպանության սցենարներ։
Նշենք, որ Սևծովյան նավատորմը մտնում է ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական շրջանի կազմի մեջ։ Այս նավատորմը Սիրիական պատերազմի ամբողջ ընթացքում ամենագործուն մասնակցությունն է ունեցել մարտական գործողություններին մասնակցող ՌԴ ՌԾՈւ Միջերկրական նավախմբի կազմում։