Ամիսներ առաջ ամերիկյան The Intercept ամսագրի խմբագրությունն անանուն աղբյուրից ստացել է Իրանի Իսլամական Հանրապետության Հետախուզության նախարարության 700-էջանոց գաղտնի փաստաթղթեր և ուղեկցող նամակ․ «թող, որ աշխարհն իմանա` ինչ է անում Իրանն իմ երկրի՝ Իրաքի հետ»։
Պարբերականը գրում է, որ փաստաթղթերում ներկայացված է 2014-2015թթ․ ընթացքում Իրանի Հետախուզության նախարարության աշխատակիցների զեկույցներն ու նամակագրությունը ղեկավարությանը՝ մասնավորապես Իրաքում իրենց գործունեության մասին։ Սա այն ժամանակահատվածն էր, երբ «Իսլամական պետությունը» գրավել էր Իրաքի արևմտյան շրջանների զգալի մասը, այդ թվում՝ խոշորագույն քաղաքներից Մոսուլը։
Գաղտնի փաստաթղթերի աղբյուրն անհայտ է, խմբագրությունից փորձել են նրա հետ կապ հաստատել, սակայն նա հրաժարվել է։ Փորձել են նաև կապ հաստատել փաստաթղթերում նշված անձանց, այդ թվում՝ Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆի և Իրաքում Իրանի նախկին դեսպան Հասսան Դանաֆարի հետ, ինչպես նաև այլ աղբյուրներով ստուգել՝ արդյոք նշված դեպքերն իրական են, թե՞ ոչ։
Բացի այդ, փաստաթղթերում ներկայացվում է նաև իրաքցի, այդ թվում՝ քուրդ բարձրաստիճան պաշտոնյաների կապերը Թեհրանի հետ։
The Intercept֊ը փաստաթղթերը կիսել է ամերիկյան մեկ այլ՝ The New York Times ամսագրի հետ, և երկուսով համատեղ նոյեմբերի 18-ին հրապարակել են «Իրանի հեռագրերը» խորագրով հոդվածաշար, որտեղ ներկայացվում են այդ երկրի հետախուզության փաստաթղթերի որոշ մասի ուսումնասիրությունից ստացված տվյալները։
The Intercept֊ը նշում է, որ Իրանի հետախուզությունից ստացված փաստաթղթերը եղել են պարսկերենով և խիստ բյուրոկրատական ոճով, ինչը երկար ժամանակ է պահանջել ուսումնասիրության համար։
Ըստ գաղտնի փաստաթղթերի՝ 2003թ․ ԱՄՆ գլխավորած կոալիցիայի Իրաք ներխուժելուց ու Սադդամ Հուսեյնի կառավարությունը տապալելուց հետո, Իրանն ակտիվորեն ավելացրել է իր լծակները թուլացած Իրաքում, այդ թվում՝ իրենց կողմը քաշելով Իրաքի հետախուզության սպաներին։
Աղբյուրը նշում է, որ 2003թ-ից սկսած մինչև կոալիցիոն զորքերի դուրսբերումն Իրաքից՝ 2011թ․–ը, ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ ” CIA) սկսել է տեղում կազմակերպել հետախուզություն՝ վարձելով Իրաքի քաղաքացիներին, որոնք մինչև Իրաքյան պատերազմի ավարտը ծառայել են ԿՀՎ-ին:
Երբ ԱՄՆ-ն սկսել է դուրս բերել զորքերը, այս աշխատակիցները մնացել են անգործ։ Շուտով նրանց վարձել է Իրանը՝ պահանջելով նաև պատմել, թե ինչ ծառայություններ են մատուցել ԿՀՎ-ին կամ ինչ դասընթացներ են անցել այդ կառույցում։ Ըստ զեկույցներից մեկի՝ 1,5 տարվա աշխատանքի համար ԿՀՎ-ն Իրաքում իր տեղացի գործակալին ամսական վճարել է 2 հազար ԱՄՆ դոլար, իսկ ծառայության ավարտին՝ պարգևատրել 20 հազար դոլարով և մեքենայով:
Ամերիկյան աղբյուրը գրում է, որ իրաքցի գործակալների մեծամասնությունը, մնալով առանց աշխատանքի, անձամբ է դիմել Թեհրանին։
Հետախուզության այս աշխատակիցները եղել են Իրաքի գրեթե բոլոր ոլորտներում, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական ու կրոնական։ Աշխատակիցները երբեմն գումարի փոխարեն Իրանից ստացել են նաև տարբեր նվերներ, օրինակ՝ օծանելիք, պիստակ կամ շաֆրան։
Նշվում է, որ Իրանի հետ համագործակցել են նաև Իրաքի բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ Իրաքի ներկայիս վարչապետ Ադիլ Աբդուլ Մահդին։ Իրանցիները հաջողացրել են նաև տեղեկանալ ամերիկյան ու իրաքցի պաշտոնյաների գաղտնի հանդիպումների մանրամասներից։
Գաղտնի փաստաթղթերից ստացվել են նաև հետաքրքիր տեղեկություններ այն մասին, որ Հետախուզության նախարարության աշխատակիցները լրտեսել են նաև իրանական մեկ այլ հետախուզական կազմակերպության գործունեությունը։
Իրանում, բացի այդ նախարարությունից, գործում է նաև Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) Հետախուզության կազմակերպությունը։ Փաստաթղթերում երևում է, որ այս երկու կառույցների միջև եղել է նաև գերատեսչական մրցակցություն։
The Intercept-ի հրապարակած տեղեկությունների համաձայն՝ Հետախուզության նախարարությունը և ԻՀՊԿ հետախուզական կազմակերպությունն Իրաքում գործել են զուգահեռ, սակայն նախարարությունը լրտեսել է նաև Իրաքում ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանման ու դրա հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի գործունեությունը («Ղոդս»-ը պատասխանատու է Իրանի տարածքից դուրս ԻՀՊԿ գործողությունների համար)։
Օրինակ՝ 2014թ․ ապրիլին «Ղոդս»–ի ղեկավարությունը գաղտնի հանդիպել է «Մուսուլմանական եղբայրություն» շարժման ղեկավարությանը։ Հետախուզության նախարարության գործակալը ոչ միայն ներկա է եղել այդ հանդիպմանը, այլև եղել է հանդիպման կազմակերպիչներից մեկը։
Բացի այդ, նախարարության ներկայացուցիչներն իրենց զեկույցներում դժգոհել են Սոլեյմանիից համացանցում շատ լուսանկարներ հրապարակելու համար, որով նա փորձում է հրապարակայնացնել իր դերն ԻՊ–ի դեմ պայքարում։
Ամերիկյան աղբյուրը գրում է, որ հրապարակված հոդվածաշարերում ներկայացված է փաստաթղթերի միայն մի մասի ուսումնասիրությունը։
Շարքի բոլոր հոդվածները կարող եք կարդալ հետևյալ հղումներով․
The Intercept:
- The story behind the Iran cables;
- A spy complex revealed;
- Iran’s shadow war on ISIS;
- A secret summit;
- The changing of the overlords.
The New York Times: