Թուրքիայում Ս–400-ները կգործարկվեն 2020թ. գարնանից. Դմիտրի Շուգաև

Ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգերի համար թուրք մասնագետների պատրաստումը կավարտվի մինչև 2019թ․ վերջ, իսկ համակարգերի գործարկումը Թուրքիայում կսկսեն 2020թ․ գարնանից։ Այս մասին նոյեմբերի 17-ին հայտարարել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության հարցերով դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը։

Շուգաևի հայտարարությունը փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ Նրա խոսքով՝ թուրք–ռուսական համագործակցությունն ընթանում է այնպես, ինչպես պլանավորված էր։

Հիշեցնենք, որ ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգերի գնման մոտ 2,5 մլրդ դոլարի գործարքի պայմանագիրը Թուրքիայի և Ռուսաստանի միջև կնքվել է 2017թ․ դեկտեմբերին։ Թուրքիան պայմանագրով պետք է ստանար ռուսական համակարգերի 4 դիվիզիոն։

Համակարգերի մատակարարման առաջին փուլը սկսեց 2019թ․ հուլիսի 12-ից։ Դրանք տեղակայվում են Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի մոտակայքում գտնվող Աքընջը ավիաբազայում։

Հարկ է նշել, որ արևմուտքն այս գործարքին դեմ էր հենց ամենասկզբից։ ԱՄՆ–ն երկու տարի շարունակ սպառնում էր Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել, մամուլում քննարկվում էր նաև Թուրքիայի՝ ՆԱՏՕ–ից դուրս մնալու հարցն, ինչը նվազ իրատեսական էր։

Թուրքիայում պնդում էին, որ մինչ ռուսական կողմին դիմելը ԱՄՆ–ից ցանկացել են գնել Patriot ՀՕՊ համակարգերը, սակայն նրանց նախ չեն ցանկացել վաճառել, այնուհետև պայմաններն իրենց հարմար չեն եղել։

Թուրքիան նաև անդամակցում էր ամերիկյան հինգերորդ սերնդի F-35 կործանիչների ծրագրին և պետք է 100 միավոր կործանիչ ստանար ԱՄՆ–ից։ Սրանցից 4 միավորն արդեն մատակարարվել էր, սակայն մնացել էին ԱՄՆ–ում՝ թուրք օդաչուների մարզումների համար։

Ս-400-ների առաջին մատակարարումից հինգ օր հետո՝ հուլիսի 17-ին, ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ Թուրքիայի անդամակցությունը F-35-երի ծրագրին մինչև 2020թ․ մարտ սառեցվում է, իսկ թուրք օդաչուները, կիսատ թողնելով դասընթացները, վերադարձան Թուրքիա։

2019թ․ նոյեմբերի 13-ին Վաշինգթոնում հանդիպման ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին քննարկեցին այս հարցը, այնուհետև հայտարարեցին, որ երկկողմ բանակցությունները շարունակվելու են, մինչև «Ս-400-ների խնդրի լուծումը»։

Թուրքիայի նախագահ Էրդողանը նաև հայտարարեց, որ թուրքական կողմը պատրաստ է նորից սկսել բանակցություններն ամերիկյան Patriot համակարգերի գնման համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *