Սիրիայի հյուսիս-արևելքում թուրքերը ռազմական դատարաններ են ստեղծել

Սիրիայի հյուսիսարևելյան Թել Աբյադ և Ռաս ալ-Այն շրջաններում, որոնք թուրքական վերջին՝ «խաղաղության ակունք» (Barış pınarı) գործողության արդյունքում փաստացի գրավվել են թուրքերի և Սիրիայի թուրքամետ ընդդիմադիր խմբավորումների կողմից, ստեղծվել են ռազմական դատարաններ, որոնք լինելու են «Սիրիայի ժամանակավոր կառավարության» պաշտպանության նախարարության վերահսկողության տակ։

Այս մասին հայտնում է թուրքական իշխանամետ «Հյուրիեթ» թերթը։ Նշվում է, որ ռազմական դատարանների մեջ գործելու են նաև քրեական և քնչական դատարաններ։ Քրեական դատարանն ունենալու է մեկ նախագահ և երկու անդամ, իսկ քնչականը՝ մեկ նախագահ և երեք անդամ։ Ընդհանուր առմամբ ռազմական դատարանն ունենալու է 12 դատավոր։

Սիրիական Ռաս ալ-Այն շրջանում ստեղծված ռազմական դատարանը
Սիրիական Ռաս ալ-Այն շրջանում ստեղծված ռազմական դատարանը

Հարկ է նշել, որ «Սիրիայի ժամանակավոր կառավարությունը» ստեղծվել է 2013թ․ մարտի 18-ին Սիրիայի ընդդիմադիր խմբավորումների կողմից՝ ի հակադրություն նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարության։ Սրա կենտրոնակայանը Թուրքիայի Գազիանթեփ շրջանում է, այդ պատճառով այն որակվել է որպես «աքսորված կառավարություն»։

Հիշեցնենք, որ «խաղաղության ակունք» գործողությունը Թուրքիան մեկնարկել էր հոկտեմբերի 9-ին, որն ուղղված էր Սիրիայի հյուսիսարևելյան շրջաններում քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) և «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) դեմ։ Գործողությունն, ըստ էության, ավարտվեց հոկտեմբերի 22-ին՝ ռուս-թուրքական հուշագրի արդյունքում, ըստ որի՝ քրդական ուժերը պետք է հետ քաշվեին 30 կմ խորությամբ ու ազատեին նաև Մանբիջն ու Թել-Ռիֆաթը։

Դրանից հետո թուրք-սիրիական սահմանի Սիրիայի հատվածում 10 կմ խորությամբ, թուրքական գործողության շրջանների արևմուտքում և արևելքում, բացառությամբ՝ Ղամիշլիի, ռուս-թուրքական զորքերն սկսելու էին համատեղ պարեկային ծառայություններ։

Այս ռազմագործողության արդյունքում թուրքական զինված ուժերն իրենց վերահսկողության տակ վերցրին սիրիական Թել Աբյադից մինչև Ռաս ալ-Այն ընկած տարածքը՝ մոտ 30կմ խորությամբ, ինչն էլ Թուրքիան որակել էր որպես «անվտանգության գոտի իր սահմանի մոտ՝ ազատված քրդական ահաբեկչական միավորումներից»։

Հոկտեմբերի 22-ին ստորագրված ռուս-թուրքական հուշագրի կետերով սահմանված գործողությունների քարտեզը։ Կապույտն այն տարածքն է, որտեղ 10 կմ խորությամբ պետք է պարեկային ծառայություն իրականացնեն ռուս-թուրքական ուժերը։ Կանաչով նշված է 30 կմ-ոց «անվտանգության գոտին», որտեղից պետք է դուրս գան քրդական ուժերը։ Մանուշակագույնով ընդգծված են թուրքական զինված ուժերի վերահսկողության տակ անցած տարածքները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *