-Էլի՜զ, Էլի՜զ, մի հատ նայի.. աա՜, ինչ սիրո՜ւն ա:
-Տես, մեր դրոշի գույններն են։
-Պապա, դու սրանի՞ց կարողանում ես քշել։
-Չէ, բալես, ես այ սրանից եմ քշում՝ Սու-25։
Երբ երկնքում Սու-25 ինքնաթիռները հայկական եռագույնն էին պատկերում, լսվեց նման խոսակցությունը։ Զինծառայողների երեխաները հպարտանում էին, որ իրենց հայրերն են այդ պահին օդում։ Ու ամեն անգամ, երբ կապույտ երկնքում եռագույնն էր գծվում, հավաքվածները հնարավորինս բարձր ծափահարում ու սուլում էին։
Այսօր՝ հունիսի 28-ին, ՀՀ Զինված ուժերի ավիացիայի, ՀՕՊ զորքերի եւ ՌԷՊ ստորաբաժանումների կազմավորման 21-րդ տարեդարձն է։ Այս առիթով Էրեբունի օդանավակայանում կազմակերպվել էր զինատեսակների ցուցադրություն և ցուցադրական թռիչքներ։
Միջոցառմանը ներկա էին նախարար Սեյրան Օհանյանը, ստորաբաժանումների հրամանատարական կազմը, զինծառայողներ, նրանց ընտանիքներն ու բազմաթիվ հյուրեր։ Ցուցադրությունը և զինծառայողների պատրաստվածությունը հետաքրքրել էր նաև ռուսական ռազմաբազայի սպաներին, արտասահմանցի հյուրերին։
Միջոցառումից հետո լրագրողների հարցերին պատասխանեց Սեյրան Օհանյանը։ Նախարարը շնորհավորեց օրվա կապակցությամբ և նշեց, որ հակառակորդի ձեռքբերած ցանկածած զինտեխնիկա մտահոգիչ է ամեն դեպքում, բայց Հայաստանի ԶՈՒ-ն անմասն չէ սպառազինության մրցավազքին ոչ թե քանակական առումով, այլ որակական։
«Մեր ուժը մեր գերճշգրիտ և հեռահար միջոցներն են, մեր հատուկ ստորաբաժանումների, առօրյա գործունեության հիմք հանդիսացող, մարտական հերթապահություն կատարող մեր զինվորի պատրաստության մակարդակը, որ պահպանում է ուժերի հավասարակշռությունը։ Ինչպես պատերազմի ժամանակ է հանձնել իր քննությունը, այսօր էլ ամեն վայրկյան ու ամեն պահ հանձնում է ու ցույց տալիս հասարակ զինվորի հզորությունը»,- նշեց նախարարը։
Բացի Սու-25 ինքնաթիռներից, հավաքվածներին զարմացրին նաև Հայաստանի պարաշյուտային ֆեդերացիայի ներկայացուցիչները՝ օդում պատկերներ գծելով ու եռագույնը ծածանելով։
Հյուրերին հնարավորություն էր տրվել մոտիկից տեսնել ռազմական տեխնիկան, նստել, լուսանկարվել։ Իսկ այդ գործում հետաքրքրված մարդկանց հարցերին պատասխանում էին զինծառայողները, հանրամատչելի բացատրում յուրաքանչյուր զինատեսակի առավելությունն ու գործառույթները։
Ամենաոգևորվածը երեխաներն էին, հատկապես տղաները։ Փոքրիկ Գևորգը եկել էր իր հորեղբոր թռիչքին հետևելու ու ինչպես ինքն է ասում՝ «մեծանամ սրանից ես էլ եմ ունենալու»։