ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 1–ին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է․ «Իսլամական Պետությունը նոր ղեկավար ունի, և մենք հստակ գիտենք, թե ով է նա»։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27–ին Թրամփը հայտարարեց, որ սիրիական Իդլիբ շրջանում ԱՄՆ հատուկ ծառայությունների գործողության արդյունքում սպանվել է ԻՊ ղեկավար Աբու Բաքր Ալ–Բաղդադին։ Սա, իհարկե, Բաղդադիի մահվան մասին առաջին հայտարարությունը չէր [1, 2, 3]։
Թրամփի հայտարարությանը կասկածանքով վերաբերվեցին Ռուսաստանից ու Սիրիայից։ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարեց, որ չի կարող միանգամայն հավատալ Ալ–Բաղդադիի մահվանը, քանի դեռ չեն ներկայացվել ապացույցները։
ՌԴ արտաքին հետախուզության ծառայության պետ Սերգեյ Նարիշկինը հայտարարել էր, որ Ալ–Բաղդադիի մահվան մեջ 100 տոկոս համոզվելու համար իրենց պետք են գենետիկ մատերիալները, որոնք դեռ չեն ներկայացվել։
Հոկտեմբերի 31-ին, ըստ միջազգային «Ռոյթերս» գործակալության, ԻՊ–ն հաստատել էր Բաղդադիի մահը, հայտարարելով, որ նրա իրավահաջորդ է նշանակվել Աբու Իբրահիմ ալ–Հաշեմի ալ–Ղուրաիշին (Abu Ibrahim al-Hashemi al-Quraishi): Հավելենք, որ այժմ ԻՊ «նոր ղեկավարի» տարբեր անուններ են շրջանառվում։