Ռուսաստանը 2019–ին 2-րդ անգամ Տաջիկստանին զինտեխնիկա է նվիրում

Հոկտեմբերի 29–ին Ռուսաստանը Տաջիկստանին նվիրել է մոտ 320 միլիոն ռուբլի (հոկտեմբերի 29–ի փոխարժեքով՝ մոտ 5 միլիոն դոլար) արժողությամբ զինտեխնիկա։ Ռուսաստանի ԶՈւ Կենտրոնական ռազմական շրջանի հրամանատար գեներալ-գնդապետ Լապինի խոսքերով՝ անհատույց փոխանցվել են ԲՐԴՄ–2Մ զրահապատ մեքենաներ և ռադիոլոկացիոն կայաններ։

Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը։

Տեխնիկայի փոխանցման արարողությունը եղել է Տաջիկստանում անցկացվող ՀԱՊԿ «Անքակտելի եղբայրություն–2019» զորավարժության ավարտին։

Նշենք, որ Տաջիկստանը հարավից սահմանակից է Աֆղանստանին և հենց Աֆղանստանից սպասվող ահաբեկչական վտանգն է նշվում որպես նվիրաբերության պատճառ։

ՌԴ Կենտրոնական ռազմական շրջանի հրամանատար գեներալ–գնդապետ Ալեքսանդր Լապինը (ձախից) և Տաջիկստանի ԶՈւ ԳՇ պետ գեներալ–լեյտենանտ Էմոմալի Սոբիրզոդան․ նկարը՝ «ՏԱՍՍ» գործակալություն
ՌԴ Կենտրոնական ռազմական շրջանի հրամանատար գեներալ–գնդապետ Ալեքսանդր Լապինը (ձախից) և Տաջիկստանի ԶՈւ ԳՇ պետ գեներալ–լեյտենանտ Էմոմալի Սոբիրզոդան․ նկարը՝ «ՏԱՍՍ» գործակալություն

Դեռ տարեսկզբին Ռուսաստանը ևս 9 մլն դոլարի անհատույց ռազմական տեխնիկա էր փոխանցել Տաջիկստանին, դրանք հիմնականում ՀՕՊ միջոցներ էին։

Շատ ավելի վաղ՝ 2017 թվականին նվիրել էր 122 միլիոն դոլարի Տ-72Բ1 տանկեր, ԲՏՌ-80, ԲՏՌ-70 զրահափոխադրիչներ, ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենաներ, Մի-24, Մի-8 ուղղաթիռներ, Դ-30 հաուբիցներ, զենիթային կայաններ, կապի միջոցներ, զրահատեխնիկայի պահեստամասեր։

Տաջիկստանում է գտնվում ՌԴ Կենտրոնական ռազմական շրջանի ենթակայության 201-րդ ռազմաբազան, որը նաև ՌԴ ամենամեծ ռազմական օբյեկտն է։ Օրերս էլ հայտնի դարձավ, որ 201–րդ ռազմաբազայում Ռուսաստանը տեղակայել է Ս–300ՊՍ ԶՀՀ–ներ։ Բացի այդ, ռազմաբազան Տաջիկստանում պարբերաբար անցկացվում են հակաահաբեկչական զորավարժություններ (1,2,3,4…)։

Ռուսաստանը անհատույց հիմունքներով զինտեխնիկա է փոխանցել նաև Սերբիային, Բելառուսին, ներել է Ղրղզստանի 240 միլիոն դոլարի պետական պարտքը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *