Թրամփը հանում է Թուրքիայի դեմ կիրառած պատժամիջոցները

Հոկտեմբերի 23-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ որոշել է վերացնել Թուրքիայի նկատմամբ կիրառված պատժամիջոցները, քանի որ վերջինս Սիրիայում հրադադարի ռեժիմ է հաստատել։

Այս մասին հայտնում է Al Jazeera միջազգային լրատվական գործակալությունը։

«Պատժամիջոցները կվերացվեն, քանի դեռ չի եղել այնպիսի բան, որ մեզ դուր չի գա»,- ասել է Թրամփը։

Պատժամիջոցները Թուրքիայի նկատմամբ կիրառվել էին հոկտեմբերի 14-ին՝ թուրքական «խաղաղության ակունք» (Barış Pınarı) գործողության մեկնարկից հինգ օր անց։ Պատժամիջոցներ կիրառվել էին Թուրքիայի պաշտպանության և էներգետիկայի ու բնական ռեսուրսների նախարարների ու նախարարությունների նկատմամբ, ինչպես նաև ներքին գործերի նախարարի նկատմամբ։

Բացի այդ, ինչպես անցած ամառ ամերիկացի քահանա Էնդրյու Բրանսոնի արտահանձնման պահանջով, այնպես էլ այս տարի Սիրիայի հյուսիսում գործողությունները դադարեցնելու պահանջով, Թրամփը բարձրացրել էր Թուրքիայից ներկրվող պողպատի մաքսատուրքերը մինչև 50 տոկոսի։

Թրամփը նաև դադարեցրել էր Թուրքիայի հետ քննարկվող 100 մլրդ դոլարի առևտրային պայմանագրի շուրջ բանակցությունները։

Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 22-ին, Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Էրդողանի և Պուտինի միջև ստորագրված համաձայնագրով Սիրիայում հաստատվել է հրադադար, այսօր ժամը 12։00-ից սկսած 150 ժամվա ընթացքում սպասվում է քրդական ուժերի նահանջը մինչև 30 կմ խորությամբ, ինչն էլ Թուրքիան որակել է որպես «անվտանգության գոտի»։

Քրդական ուժերը պետք է լքեն նաև Թել Ռըֆաթն ու Մանբիջը։ Դրանից հետո ռուս-թուրքական ուժերը սկսելու են 10 կմ խորությամբ պարեկային ծառայություններ անցկացնել ու, ինչպես նշված է համաձայնագրի վերջին կետում, կողմերը փորձելու են Սիրիայի կոնֆլիկտի քաղաքական լուծումը գտնել Աստանայի ձևաչափով և սահմանադրական կոմիտեի աշխատանքներին աջակցելով։

Այսօր առավոտյան Թուրքիայի ՊՆ-ն հայտարարեց, որ «Խաղաղության ակունք» գործողությունը դադարեցված է, ամեն ինչ կախված է քրդական «ժողովուրդների ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) դուրս գալուց։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *