Ադրբեջանում շարունակվում են քաղաքական վերադասավորումները

Ադրբեջանի քաղաքական վերնախավում այս օրերին ընթանում են պաշտոնանկություններ և վերադասավորումներ: Պաշտոններից հեռանում են «հին գվարդիայի» ներկայացուցիչներ, առաջ են գալիս Իլհամ Ալիևի կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի ընտանիքի՝ Փաշաևների «կլանի» ներկայացուցիչներ:

Պաշտոնից ազատվել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհդիևը, ով այդ պաշտոնին էր Հեյդար Ալիևի իշխանության ժամանակներից և կառավարել էր աշխատակազմը 26 տարի: Մեհդիևը Ադրբեջանում հայտնի է նաև որպես «գորշ կարդինալ»: 81-ամյա Մեհդիևին որպես «պատվավոր թոշակառու» նշանակել են գիտությունների ակադեմիայի նախագահ:

Ադրբեջանի հարկային նախարարության պետ Միքայել Ջաբբարովը, ով հայտնի է որպես «Փաշաևների կլանի մարդ», նշանակվել է էկոնոմիկայի նախարար, ընդորում՝ հարկային գերատեսչությունը, ինչպես նաև պետգույքի կոմիտեն միացել են այդ նախարարությանը: Էկոնոմիկայի նախկին նախարար Շահին Մուստաֆաևը նախօրեին նշանակվել էր փոխվարչապետ:

Նշենք, որ հոկտեմբերի 8-ին հրաժարական էր տվել վարչապետ Նովրուզ Մամադովը, ում փոխարինել էր նախագահի՝ տնտեսական հարցերով օգնական և աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ալի Ասադովը: Նշենք նաև որ պաշտոնանկություններ և վերադասավորումներ են սպասվում նաև այլ գերատեսչություններում:

Հիշեցնենք, որ այս ամռանը վերադասավորումներ եղան նաև Ադրբեջանի ուժային համակարգում: Պաշտոնից ազատվեց Ադրբեջանի պետանվտանգության ծառայության պետ Մադաթ Ղուլիևը և նշանակվեց ռազմարդյունաբերության նախարար: Աշխատանքից ազատվեց և Անվտանգության խորհրդի քարտուղար նշանակվեց ՆԳ երկար տարիների նախարար Ռամիլ Ուսուբովը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *