Հոկտեմբերի 20–21-ին Սիրիայում տեղակայված ամերիկյան զորքերը հատել են Իրաքի սահմանը՝ դեպի քրդական Դոհուկի շրջան։ Ինչպես հայտարարել էր ԱՄՆ պաշտպանության նախարար Մարք Էսփերը, Սիրիայի հյուսիսից ամերիկյան ամբողջ զորքը շարժվելու է դեպի Իրաքի հյուսիս–արևմուտք` այնտեղից ԱՄՆ վերադառնալու համար։
Այսօր Էսփերը մեկնել է Բաղդադ տեղում ամերիկյան զորքերի ժամանակավոր տեղակայման պլանները քննարկելու։ Այցը եղել է չհայտարարված։ Այս մասին հայտնում է միջազգային Reuters գործակալությունը։
Նախօրեին Իրաքի կառավարությունը հայտարարություն էր տարածել, նշելով, որ թեպետ ամերիկյան զորքերը թույլտվություն են ստացել հատել Իրաքի հյուսիսում քրդական սահմանը, այդ զորքերը չեն մնալու Իրաքի տարածքում։
Այժմ Իրաքում մոտ 5000–անոց ամերիկյան զորք կա, որոնք այդ երկիր են եկել «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցի դեմ պայքարի շրջանակներում։ Սիրիայից դեպի Իրաք շարժվում է մոտ 700 հոգանոց ամերիկյան զորք։
Հիշեցնենք, որ ԱՄՆ–ն հոկտեմբերի 6-ին հայտարարեց, որ իր զորքերը դուրս է բերելու Սիրիայից ու չի աջակցելու թուրքական գործողությանը։ Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ժամանակն է «անվերջանալի պատերազմները վերջացնել և ամերիկացի զինվորներին տուն վերադարձնել»։
Երեք օր անց՝ հոկտեմբերի 9-ին, Թուրքիայի նախագահը հայտարարեց քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) դեմ «Խաղաղության ակունք» (Barış Pınarı) կոչվող ռազմական գործողության մեկնարկը՝ Սիրիայի հյուսիսարևելյան շրջաններում։
Համացանցում տեսանյութեր տարածվեցին, որտեղ երևում էր ինչպես են ամերիկյան զորքերը դուրս գալիս սիրիական սահմաններից։ Այս ընթացքում քուրդ բնակիչները ամերիկյան ավտոշարսյունների վրա լոլիկներ ու քարեր էին շպրտում՝ ի նշան իրենց թուրքական սպառնալիքի առաջ միայնակ թողնելուն։
Մոտ 9 օր տևած մարտերից հետո ԱՄՆ–Թուրքիա բանակցությունների արդյունքում որոշվեց 5–օրյա հրադադար հայտարարել, որ այդ տարածքներից քրդական ուժերիը ինքնակամ դուրս գան։ Հրադադարի ժամկետը լրանում էր երեկ՝ հոկտեմբերի 22–ին, երբ Սոչիում հանդիպեցին Էրդողանը և ՌԴ նախագահ Պուտինը։
Հանդիպումից հետո ստորագրվեց համաձայնագիր, ըստ որի՝ հոկտեմբերի 23-ին ժամը 12:00-ից սկսած 150 ժամվա ընթացքում Սիրիայի հյուսիսից YPG-ն 30կմ խորությամբ պետք է հետ քաշվի, որտեղ կստեղծվի թուրքական «անվտանգության գոտին»։