Սիրիայի հյուսիսում ռուս-թուրքական զորքերը համատեղ պարեկություն կսկսեն

Հոկտեմբերի 22-ին Թուրքիայի պատվիրակությունը, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ, մեկնել է Ռուսաստանի Սոչի քաղաք՝ Սիրիայի հարցը քննարկելու։ Էրդողան–Պուտին մոտ 6 ժամ տևած հանդիպումից հետո ստորագրվել է համաձայնագիր, ըստ որի՝ հոկտեմբերի 23-ին ժամը 12:00-ից սկսած 150 ժամվա ընթացքում Սիրիայի հյուսիսից պետք է հետ քաշվեն քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները» (YPG

Քրդական ուժերը պետք է հետ քաշվեն 30 կմ խորությամբ, ինչն էլ Թուրքիան որակել է որպես «անվտանգության գոտի»։ Քրդերը պետք է ազատեն սիրիական Թել Աբյադ և Ռաս ալ-Այն շրջանները, որոնցից Ռաս ալ-Այնից, ըստ էության, արդեն դուրս են եկել։ Բացի այդ՝ համաձայնագրի 6-րդ կետրով YPG-ն պետք է ազատի նաև Մանբիջն ու Թել-Ռիֆաթը։

Ըստ համաձայնագրի՝ նախատեսվում է, որ ռուս-սիրիական ուժերը թուրքական գործողության սահմաններից դուրս հետևելու են Սիրիայի հյուսիսից քրդական ուժերի դուրս գալու գործընթացին, իսկ 150 ժամ հետո թուրք-սիրիական սահմանի Սիրիայի հատվածում 10 կմ խորությամբ, թուրքական գործողության շրջանների արևմուտքում և արևելքում, բացառությամբ՝ Ղամիշլիի, ռուս-թուրքական զորքերն սկսելու են համատեղ պարեկային ծառայություններ։

Համաձայնագրի վերջին կետը սահմանում է, որ կողմերը շարունակելու են աջակցել Սիրիայի կոնֆլիկտի քաղաքական լուծմանը Աստանայի ձևաչափով և նպաստելու են սահմանադրական կոմիտեի աշխատանքներին։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին, ԱՄՆ-Թուրքիա բանակցությունների արդյունքում հայտարարվել էր հնգօրյա հրադադար, որի ժամկետը սպառվում էր այսօր։ Ըստ այդմ՝ քրդական ուժերը պետք է դուրս գային Սիրիայի հյուսիսային տարածքներից 120 ժամվա ընթացքում, այլապես Թուրքիան սպառնում էր այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ժամը 22։00-ից վերսկսել գործողությունները։

Կարելի է ենթադրել, որ հրադադարը շարունակվելու է նաև առաջիկա 6 օրվա ընթացքում, թեպետ այս օրերին պայմանավորված դադարի խախտումներ ևս գրանցվել են։

Հավելենք նաև, որ Աստանայի ձևաչափով հաջորդ հանդիպումը սպասվում է նոյեմբերի կեսին, իսկ սահմանադրական կոմիտեի առաջին հանդիպումը՝ հոկտեմբերի 29-30-ին, Ժնևում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *