Սիրիայի հյուսիսային շրջաններում քրդերի դեմ Թուրքիայի սկսած ռազմական գործողությունից հետո ԱՄՆ-ում մտածում են Ինջիրլիք ավիաբազայից ԱՄՆ միջուկայինին զենքի դուրսբերման շուրջ: Տեղեկությունները թեև պաշտոնական չեն, սակայն այդ մասին «Նյու Յորք Թայմսին» հայտնել են ամերիկացի պաշտոնյաներ:
Ըստ աղբյուրի՝ շուրջ 50 միավոր մարտավարական միջուկային մարտագլխիկ պահվում է Ինջիրլիք ավիաբազայում և ԱՄՆ Պետական և Էներգետիկայի դեպարտամենտներում մտածում են զենքի դուրսբերման մասին:
Ըստ ԱՄՆ-ից անանուն պաշտոնյաների՝ իրավիճակի նկարագրության՝ Էրդողանը «պատանդ է պահում» միջուկային զենքը, քանի որ դրա դուրսբերումը կնշանակի ամերիկաթուրքական դաշնակցության փաստացի ավարտ, իսկ այնտեղ թողնելով «կերկարացվի միջուկային խոցելիությունը, ինչը պետք է վերացվեր դեռ տարիներ առաջ»:
Ըստ բրիտանական «Գարդիան» օրաթերթի՝ խոսքը ամերիկյան B61 մարտավարական միջուկային ավիացիոն ռումբերի մասին է: Ռումբը ԱՄՆ սպառազինություն է մտել 1968-ին, ունի տարբեր ուժգնության 12 մոդիֆիկացիա, որոնցից մի քանիսը ներկայումս սպառազինությունից հանված են: Հայտնի չէ, թե Թուրքիայում այդ ռումբի որ տարբերակն է պահվում:
Ինջիրլիք ավիաբազան գտնվում է Ադանա քաղաքի մերձակայքում: Այստեղ են տեղակայվում ՆԱՏՕ-ի անդամ երկրների ՌՕՈւ ինքնաթիռները և ՀՕՊ միջոցները: Թուրքիայի և Գերմանիայի միջև ծագած խնդիրներից հետո 2017թ-ին գերմանական կողմը բազայից դուրս էր բերել իր ռազմական ինքնաթիռները:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարեց Սիրիայի հյուսիսարևելյան շրջաններում քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) դեմ նոր՝ «Խաղաղության ակունք» (Barış Pınarı) անունը կրող գործողության մեկնարկի մասին։ ԱՄՆ-ն տարբեր մակարդակներով դեմ է արտահայտվել այդ գործողությանը: