Ասադի ուժերը օգնության են շտապում քրդերին, թուրքական կողմը խորացել է մի քանի ուղղությամբ

Սիրիայի բանակի և քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) միջև համաձայնությամբ՝ կառավարական ուժերը շարժվում են քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքներ՝ թուրքական հարձակմանը միասին դիմագրավելու համար:

Բանակի շարասյունները նկատվել են քրդերի վերահսկողության տակ գտնվող Սիրիայի հյուսիսային մասի տարբեր հատվածներում: Բանակի ստորաբաժանումները արդեն մտել են Մանբիջ քաղաք՝ իրենց հետ բերելով նաև զրահատեխնիկա: Հատկանշական է, որ այս հատվածում՝ Մանբիջ-Քոբանի ճանապարհին նկատվել է նաև ԱՄՆ ԶՈւ շարասյուն:

Տեղեկություններ կան նաև, որ սիրիական բանակը մուտք է գործել հյուսիսային Այն Իսսա բնակավայր: Սահմանագծի այս հատվածում թուրքական կողմին հաջողվել է գրավել Թել Աբյադ քաղաքը և խորանալ: Թուրքական կողմին օժանդակում են իրենց ենթակայության տակ գործող «Սիրիայի ազգային բանակ» խմբավորման զինյալները, ովքեր և դրոշ էին բարձրացրել Թել Աբյադ քաղաքում:

Սիրիայի պետական «ՍԱՆԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ կառավարական ուժերը մտել են նաև Սիրիայի հյուսիսարևմտյան մասի Թալլ-Ամար քաղաք: Այս ուղղությամբ թեև թուրքական կողմը կարողացել է առաջխաղացում գրանցել, սակայն սահմանագծին գտնվող Ռաս ալ-Այն քաղաքը դեռևս շարունակում է մնալ քրդերի վերահսկողության տակ:

Տեղեկություններ կան նաև, որ Սիրիական բանակը իր ենթակայության տակ է վերցրել Թաբքայի ավիաբազան, որը գտնվում էր քրդերի վերահսկողության տակ: Ընդհանուր առմամբ Սիրիայի բանակը իր ուժերն է կենտրոնացնում թուրք-սիրիական սահմանի բոլոր ուղղություններով:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան Սիրիայի հյուսիսարևելյան շրջաններում քրդական SDF–ի դեմ սկսել է «Խաղաղության ակունք» կոչվող ռազմական գործողությունը։

Մինչ ռազմագործողություն սկսելը՝ օգոստոսի 7-ին, Թուրքիան և ԱՄՆ–ն պայմանավորվել էին միասին անվտանգության գոտի ստեղծել Սիրիայի հյուսիսում՝ 14 կմ խորությամբ։ Սեպտեմբերի 9-ից կողմերն այդտեղ համատեղ պարեկային ծառայությունների էին անցել, սակայն հոկտեմբերի 6-ին Թրամփը հայտարարեց, որ չի միջամտելու թուրքերի գործողություններին և դուրս է բերելու իր զորքերը Սիրիայի հյուսիսից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *