ԱՄՆ սենատորներ Լինդսի Գրահամը և Քրիս Վան Հոլլենը հոկտեմբերի 9-ին ներկայացրել են Թուրքիայի դեմ պատժամիջոցների նախագիծը, պատճառը՝ Թուրքիայի սկսած գործողությունն է Սիրիայի հյուսիսային շրջաններում։
Նախագիծը նախատեսում է պատժամիջոցներ՝
- թուրք հետևյալ պաշտոնյաների ԱՄՆ ակտիվների նկատմամբ. Թուրքիայի նախագահ, փոխնախագահ, ազգային պաշտպանության, արտաքին գործերի, գանձապետարանի և ֆինանսների, առևտրի, էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարներ;
- Թուրքիայի հետ ռազմական գործարքներ իրականացնող ցանկացած օտարերկրացու նկատմամբ, որը Թուրքիային կվաճառի կամ կտրամադրի ֆինանսական, նյութական կամ տեխնիկական օգնություն;
- Թուրքիայի էներգետիկ սեկտորի դեմ. պատժամիջոցներ ցանկացած մեկի դեմ, որը Թուրքիային կտրամադրի ցանկացած տեսակի օգնություն, որով Թուրքիան կկարողանա նավթ կամ բնական գազ արտադրել իր զինված ուժերի օգտագործման համար;
- ԱՄՆ ռազմական միջոցների վաճառքի արգելք Թուրքիայի զինված ուժերին;
- «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» (CAATSA) օրենքի կիրառում Թուրքիայի դեմ՝ Ս-400 ռուսական ՀՕՊ համակարգերը գնելու համար;
Պատժամիջոցները չեն վերաբերում մարդասիրական և բժշկական օգնությանը, ընտրությունների աջակցմանը և հետախուզական տվյալների փոխանակմանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարեց Սիրիայի հյուսիսարևելյան շրջաններում քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) դեմ նոր՝ «Խաղաղության ակունք» (Barış Pınarı) անունը կրող գործողության մեկնարկի մասին։
Երկու օրվա տվյալներով՝ Սիրիայի Թել Աբյադ, Հասաքա և Քամիշլի շրջաններում դեռևս ընթանում է, այսպես ասած, «հրետանային պատրաստության» փուլը: Ըստ Էրդողանի՝ զոհված քրդերի թիվը 109 է։