Թուրքիան շարունակում է հրետանային պատրաստությունը քրդերի դեմ

Երկրորդ օրն է, ինչ Թուրքիան շարունակում է Սիրիայի հյուսիսային հատվածում քրդերի դեմ «Խաղաղության ակունք» (“Barış pınarı”) անունը կրող ռազմական գործողությունը: Ըստ բաց աղբյուրներից հայտնի տեղեկությունների համադրության՝ դեռևս ընթանում է, այսպես ասած, «հրետանային պատրաստության» փուլը:

Հրետանային և ավիացիոն հարվածների են ենթարկվում թուրք-սիրիական սահմանագլխի՝ դեռևս քրդերի վերահսկողության տակ գտնվող Թել Աբյադ, Հասաքա (Ռաս ուլ-Այն), Քամիշլի քաղաքները և սահմանագծի այլ բնակավայրեր: Հոկտեմբերի 10-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը, անդարադառնալով գործողության ընթացքին, նշել է, որ իրենց հակառակորդի սպանվածների թիվն արդեն 109 է:

CNN-ի թուրքական ծառայության լրագրողի ռեպորտաժում երևում է Հասաքա քաղաքի վրա Թուրքիայի ՌՕՈւ ավիահարվածներից մեկը:

Դեռ գործողության առաջին օրվանից տեղեկություններ են շրջանառվում, որ թուրքական զորքը հատել է սահմանը գծի տարբեր ուղղություններով: Այնուամենայնիվ՝ քաղաքային մարտերի մասին վկայություններ դեռևս չկան:

Թուրքիայի բանակից բացի գործողություններին ներգրավված է նաև Սիրիայում Թուրքիայի աջակցությամբ գործող «Սիրիայի ազգային բանակ» զինյալ խմբավորումը: Խմբավորման ներկայացուցիչը հայտնել է, որ իրենք շարժվում են Թել Աբյադ և Հասաքա քաղաքների ուղղությամբ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին ԱՄՆ-ն հայտարարեց իր զորքերը Սիրիայի հյուսիսարևելյան շրջաններից դուրս բերելու մասին։ Մինչ այդ Թուրքիան հայտարարել էր, որ շուտով ռազմական գործողություն է սկսելու Եփրատի արևելքում՝ Թուրքիայում ահաբեկչական համարվող «ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) դեմ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *