Թուրքական առաջին զորախումբը հատել է Սիրիայի սահմանը․ Bloomberg

Հոկտեմբերի 9-ին միջազգային Bloomberg գործակալությունը, հղում անելով թուրք անանուն պաշտոնյայի, գրում է, որ այսօր առավոտյան թուրքական փոքր զորախումբ անցել է Սիրիայի հյուսիսարևելյան սահմանը՝ լայնածավալ հարձակման նախապատրաստությամբ։

Թուրքական զորքերի Սիրիա ներխուժման մասին են գրել նաև թուրքական իշխանամետ Haber7 և Yeni Şafak թերթերը։ Ըստ Haber7-ի՝ Սիրիայի դեմ ռազմական գործողությունն արդեն սկսել է ՝ Սիրիայի հյուսիսարևելյան Հասաքա և Թել Աբյադ շրջաններից ամերիկյան զորքերի դուրս գալով։ Թուրքական զորքերը հյուսիսարևմտյան Ջարաբլուսից շարժվում են դեպի Մանբիջ։

Yeni Şafak թերթի պաշտոնական թվիթերյան էջում էլ հրապարակվել է տեսանյութ հետևյալ մեկնաբանությամբ․

««Խաղաղության ակունք»* գործողության շրջանակներում թուրք զինվորները, [Թուրքիայի — Ռազմինֆո խմբ․] Քիլիս նահանգի Էլբեյլի շրջանով Սիրիա են մտել»․

*Այդպես պետք է կոչվի Սիրիայի հյուսիս-արևելքում թուրքական նոր գործողությունը (Barış Pınarı)։

Նշենք, որ թուրքական զորքերի Սիրիա ներխուժումը հաստատող պաշտոնական տվյալներ առայժմ չկան։ Քրդական աղբյուրները գրում են, որ «Սիրիայի դեմոկրատական ուժերն» (SDF) այժմ մոբիլիզացվում են թուրքերի դեմ կռվելու համար։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին ԱՄՆ-ն հայտարարեց իր զորքերը Սիրիայի հյուսիսարևելյան շրջաններից դուրս բերելու մասին։ Մինչ այդ Թուրքիան հայտարարել էր, որ շուտով ռազմական գործողություն է սկսելու Եփրատի արևելքում՝ Թուրքիայում ահաբեկչական համարվող «ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) դեմ։

Ըստ թուրքերի՝ այդ տարածքներում վերաբնակեցվելու են Սիրիայի այն փախստականները, որոնք ապաստան են գտել Թուրքիայում։

Մինչ այդ՝ օգոստոսի 7-ին, Թուրքիան ու ԱՄՆ-ն համաձայնել էին Սիրիայի հյուսիսում 14 կմ խորությամբ անվտանգության գոտի ստեղծել և սեպտեմբերի 9-ից այդ տարածքներում սկսել էին պարեկային ծառայություններ, սակայն թուրքերը մեղադրում էին ԱՄՆ-ին իր պարտավորությունները չկատարելու համար ու սպառնում միայնակ գործողություն սկսել քրդերի դեմ։

Միջազգային հանրությունը քննադատում է ԱՄՆ-ին՝ քրդերին թուրքական սպառնալիքի առաջ միայնակ թողնելու համար, իսկ Թրամփը հայտարարում է, որ իրենք արդեն պայքարել են «Իսլամական պետության» զինյալների դեմ ու հաղթել, այլ անելիք չունեն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *