Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի պաշտոնից ազատվելու մասին մամուլում առկա լուրերը։ Տոնոյանը նույնպես չի հաստատել իր հրաժարականի մասին տեղեկությունները։
Վարչապետը «անհեթեթ» որակեց Տոնոյանի պաշտոնանկ լինելու մասին լուրերը, իսկ նախարարն ինքը հայտնեց․ «Ոչ մի բան չեմ կարող ասել, ես աշխատավայրում եմ»։ Տեղեկությունը հերքեցին նաև ՀՀ նախագահի աշխատակազմից՝ հայտնելով, որ նախագահականը այս պահին ոչ մի նման դիմում չի ստացել։
Ավելի վաղ irakanum.am կայքը հայտնել էր, որ Փաշինյանը Տոնոյանի հետ առանձնազրույց է ունեցել և տեղեկացրել վերջինիս զբաղեցրած պաշտոնից ազատվելու մասին։
Հավելենք, որ Դավիթ Տոնոյանը 2010–17 թթ․ զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը, 2017–18 թթ․՝ ղեկավարել է ԱԻՆ-ը, իսկ 2018թ․ մայիսից պաշտպանության նախարարն է։