Հոկտեմբերի 5-ին ավարտվեց սեպտեմբերի 24-ին մեկնարկած ՀՀ ԶՈւ զորավարժությունը։ Զորավարժությունը «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով էր։ Այսօր ասուլիսի ժամանակ զորավարժությունն ամփոփեց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը։
Նրա խոսքով՝ զորավարժության առաջին փուլում եղել է զինված ուժերի համալրում զինապարտներով և տրանսպորտային միջոցներով․ «Զորավարժությունների շրջանակում անցկացվող զորահավաքին չներկայացածների թվերը ամփոփման փուլում են, կարող եմ ասել, որ նրանք այնքան էլ շատ չէին, եթե համեմատությամբ վերցնենք, 1-2 տոկոս էլ չեն կազմում, այդ քանակը որակ չի ստեղծելու ընդհանուր առմամբ»։
Զինված ուժերում իրականացվել են զորքերի վերախմբավորումներ, ստեղծվել են խմբավորումներ։
«Հանրապետության բոլոր հատվածներով, բոլոր ուղղություններով մենք ունեցանք մոտ 6000-ից ավել տեխնիկայի շարժ, որոնք մեր զինված ուժերի տեխնիկայի մի մասն են (չհաշված Պաշտպանության բանակինը)։ Այդ տեխնիկան շահագործվեց 7 օր անընդհատ»,- ասաց գեներալ-լեյտենանտը։
Նրա խոսքով՝ այս օրերին անցկացվել է ավելի քան 35 զորավարժություն՝ հիմնականում մարտական հրաձգությամբ․ «Երկու գնդային, մի քանի գումարտակային, դիվիզիոնային, մարտկոցային զորավարժություններ էին, ամեն օր 5-ից 6 մեծ ստորաբաժանումներ կատարեցին մարտական խնդիրներ»։