ՀՀ ԶՈւ ՀՕՊ-ը հիմա ավելի հեռու ու փոքր թիրախներ կարող է խոցել․ ԳՇ պետ

Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը անցկացված զորավարժությունների ընթացքում ներգրավվել են նոր և թարմացված ՀՕՊ և հակատանկային զինատեսակներ։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը։

Նրա խոսքով՝ վերջին շրջանում հայկական բանակում թարմացվել է հակաօդային պաշտպանության զինապարկը, ինչի հաշվին ավելացվել է հեռավարություն, բարձրություն և ավելի փոքր արտացոլող մակերեսներով օբյեկտներ խոցելու հնարավորությունները։

«Արդիականացվել են նաև որոշ ՀՕՊ զինատեսակներ, որի ապացույցը եղավ Պաշտպանության բանակի կողմից շատ փոքր մակերես ունեցող անօդաչու թռչող սարքի խոցումը․․․։ Այսինքն մենք էլ ենք սովորում մեր թերությունների վրա, որոնք նախկինում եղել են»,-նշեց գլխավոր շտաբի պետը։

Գեներալ-լեյտենանտի հավաստիացմամբ՝ հակատանկային միջոցների հեռահարությունը նույնպես աճել է, մոտ երկու անգամ։ Հեռահարությունից բացի, աշխատանքներ են տարվել հակատանկային միջոցները կիրառող անձնակազմերի անվտանգությունը, կենսունակությունը մարտի դաշտում ավելի մեծացնելու ուղղությամբ․ այսուհետ սպառազինության, զինտեխնիկայի վրա ծառայության են նշանակվում հիմնականում տեխնոլոգիաների ոլորտում բարձրագույն կրթությամբ երիտասարդներ, որոնց ընտրում են քննող հանձնաժողովները։ Նրանք ավելի շուտ են կարողանում յուրացնել, և ավելի լավ են օգտագործում տեխնիկան։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *