Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը այսօր՝ հոկտեմբերի 7–ին, Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանից հրաժարականի դիմում է ստացել։
Այս մասին Aysor.am-ին հայտնել է նախարարության մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանը։
Սեպտեմբերի 18–ի գիշերը, Եղեգնաձորում Վայոց ձորի մարզպետարանի աշխատակիցները խմբակային ծեծել էին ՀՀ ԶՈւ փոխգնդապետ Արա Մխիթարյանին, որին ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխել էին հիվանդանոց։
Փոխգնդապետի հարազատները, վկայակոչելով դեպքի վայրում եղած ականատեսներին, պնդում են՝ մարզպետ Տրդատ Սարգսյանը նույնպես եղել է դեպքի վայրում։ Մարզպետը հերքում է։ Դատախազությունը ուսումնասիրում է միջադեպին մարզպետի մասնակցության հարցը։ Այս պահին այս գործով արդեն երկու անձ կա կալանավորված, որոնցից մեկը Վայոց ձորի մարզպետի օգնականն է, մյուսը՝ օգնականի եղբայրը։
Դեպքից օրեր անց Վայոց ձորի մարզպետը հայտարարեց, որ զորավարժությունների ավարտից հետո հրաժարական կտա պաշտոնից՝ պայմանավորված «քաղաքական պատասխանատվության» ստանձնմամբ։
Հոկտեմբերի 3–ի դրությամբ փոխգնդապետի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, նա արդեն բացել է աչքերը։