Հոկտեմբերի 6-ին Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նիստի ընթացքում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, խոսելով Սիրիայի հյուսիսում «անվտանգության գոտու» մասին, հայտարարել է, որ թուրքական կողմը պատրաստ է առաջիկա օրերին նոր ռազմական գործողություն սկսել միայնակ, քանի որ ԱՄՆ-ն չի կատարում իր պարտավորությունները։
«Արդեն վճռված ու կանխորոշված ընթացք ունեցող խաղաղության միջոցառումները սկսելու ժամանակն այնքան մոտ է, որ կարելի է ասել գուցե այսօր, գուցե վաղը կլինի։ ․․․ Մեր հարցը դաշնակիցներին շատ պարզ է, դուք PKK/YPG-ին, որին փորձում եք թաքցնել SDG [«Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) ” Ռազմինֆո խմբ․] անվան տակ, որպես ահաբեկչական կառույց ճանաչո՞ւմ եք, թե՝ ոչ։ Սա բացատրե՛ք»,- հայտարարել է Էրդողանը։
Էրդողանը հայտարարել է, որ թուրքական կողմը ցանկացած պահի պատրաստ է սկսել ռազմական գործողությունը․
«Մենք պատրաստությունները տեսել ենք, գործողության նախագիծն ամբողջությամբ մշակել ենք։ Անհրաժեշտ հրամանները տրված են։ ․․․ Այս գործողությունն իրականացնելու ենք և՛ ցամաքից, և՛ օդից», ” ասել է Էրդողանը։
Նշենք, որ Թուրքիան ու ԱՄՆ-ն օգոստոսի 7-ին համաձայնեցին Սիրիայի հյուսիսում՝ Եփրատի արևելյան մասում, անվտանգության գոտի ստեղծել, սակայն Թուրքիայի պահանջները բավարարվեցին ոչ ամբողջությամբ․ թուրքական կողմը ցանկանում էր, որ անվտանգության գոտին ունենա 30-40 կմ խորություն, սակայն ամերիկացիների պնդմամբ սահմանվեց միայն 14 կմ խորություն։
Նախատեսվում էր, որ այդ շրջաններից պետք է դուրս բերվեր YPG-ն, որին աջակցում է ԱՄՆ-ն, սակայն քրդերը դեռևս շարունակում են մնալ այդ տարածքում։ Սեպտեմբերի 9-ից մինչ այժմ թուրքական ու ամերիկյան զորքերը համատեղ պարեկային ծառայություններ են իրականացնում այդ տարածքում։
Թուրքական կողմը հայտարարում է, որ Սիրիայի հյուսիսային այս շրջաններից քրդական ուժերին դուրս բերելուց հետո այստեղ վերաբնակեցվելու է Սիրիայից գաղթած ժողովուրդը։
Էրդողանի հայտարարությունը Սիրիայի անվտանգության գոտու հարցում թուրքական կողմի առաջին սպառնալիքը չէ, բանակցությունների հենց սկզբից էլ թուրք տարբեր պաշտոնյաներ հայտարարում են, որ Թուրքիան կարող է միայնակ «ազատվել քրդական ուժերից»։