Սեպտեմբերի 29-ին անհայտ պայմաններում մահացել է Ադրբեջանի ՊՍԾ զինծառայող, 2000թ․ ծնված Սարվան Ամիլ օղլու Բախշեյիշովը (Sarvan Amil oğlu Baxşeyişov)։
Այս մասին գրում է ադրբեջանական ընդդիմադիր «Մեյդան» լրատվակայքը՝ նշելով, որ Բախշեյիշովը մի քանի օր առաջ հուղարկավորվել է իր բնակավայր Աղդամի շրջանի Իմամգուլուբեյլի գյուղում։
Գյուղի ՏԻՄ ներկայացուցիչ Ալիհեյդար Մահարամովը կայքին հայտնել է, որ սկզբում զինծառայողի ընտանիքին էլ չեն հայտնել, թե մահվան պատճառը որն է, սակայն երեկ հրավիրել են ՏԻՄ՝ հավանաբար մահվան պատճառն ասելու, սակայն ինքը՝ Մահարամովը, տեղյակ չէ, թե ինչ են ասել։
Նշենք, որ հոկտեմբերի 2-ին սոցցանցերի հայ օգտատեր Ալեն Ղուլյանը, հղում անելով ադրբեջանցի օգտատերերի գրառումներին, գրել էր Բախշեյիշովի մահվան մասին, նշելով, որ վերջինս մահացել է սեպտեմբերի 27-ին։
Հավելենք նաև, որ 2019թ. հունվարի 1-ից մինչ օրս բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և այլ ուժային կառույցների 38 կորստի մասին։