Ով է փոխգնդապետին ծեծելու գործով կալանավորված 2-րդ անձը

Սեպտեմբերի 18–ին Վայոց ձորում մարզպետարանի աշխատակիցների կողմից ծեծված ՀՀ ԶՈւ փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործով մեղադրանք է առաջադրվել ևս մեկ մարդու՝ Զավեն Գրիգորյանին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

ՀՀ Քննչական կոմիտեն հայտնում է, որ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով [«Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը» նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից]։

Ավելի վաղ ձերբակալվել և կալանավորվել էր Զավեն Գրիգորյանի եղբայրը՝ Վայոց ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը։ Վերջինիս մեղադրանք էր առաջադրվել ՔՕ 112–րդ հոդվածի 1-ին մասով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը):

Հիշեցնենք, որ դեպքից օրեր անց Վայոց ձորի մարզպետը հայտարարեց, որ զորավարժությունների ավարտից հետո հրաժարական կտա պաշտոնից՝ պայմանավորված «քաղաքական պատասխանատվության» ստանձնմամբ։ Պաշտոնական տվյալներով՝ զորավարժություններն ավարտվում են հոկտեմբերի 6-ին՝ երկու օրից։

Նշենք, որ փոխգնդապետի հարազատները, վկայակոչելով դեպքի վայրում եղած ականատեսներին, պնդում են՝ մարզպետ Տրդատ Սարգսյանը նույնպես եղել է դեպքի վայրում։ Մարզպետը հերքում է։ Դատախազությունը ուսումնասիրում է միջադեպին մարզպետի մասնակցության հարցը։

Հոկտեմբերի 3–ի դրությամբ փոխգնդապետի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, նա արդեն բացել է աչքերը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *