Արցախի և Ադրբեջանի միջև դիակների փոխանակում չի եղել, իսկ կալանավորների փոխանակում չի նախատեսվում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով նախօրեին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններին։
Նաղդալյանի մեկնաբանությունը հրապարակված է ԱԳՆ պաշտոնական կայքում։
ՌԴ ԱԳ նախարար Լավրովը, խոսելով Արցախի կոնֆլիկտի մասին, հայտարարել էր, որ վերջին շրջանում եղել է զոհվածների մարմինների փոխանակում, նախապատրաստվում է փոքր թվով ձերբակալվածների փոխանակում, բայց գործընթացը գնում է։
Ա․ Նաղդալյանը հավելել է, որ հայկական կողմի դիրքորոշումը հստակորեն արտահայտված է ՀՀ վարչապետի բոլոր ելույթներում, ներառյալ՝ սեպտեմբերի 24-ին ՄԱԿ ամբիոնից հնչեցված խոսքում, որը վերահաստատեց խաղաղության և փոխզիջման հասնելու Հայաստանի առաջարկած բանաձևը:
Հիշեցնենք՝ Բաքուն պարբերաբար առաջարկում է «Բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակել ռազմագերիներին, ինչը պաշտոնապես մերժում է Արցախը։ Խնդիրն այն է, որ Արցախի բանտում են Քարվաճառում ձերբակալված ադրբեջանցիների դիվերսանտները, որոնք սպանել էին հայկական բանակի սպայի, 17-ամյա պատանու, վիրավորել քաղաքացիականի։ Այս մարդիկ ռազմագերիներ չեն, ինչպես պնդում է Ադրբեջանը, նրանք հանցագործներ են։
Դեռ սեպտեմբերի 20-ին ՀՀ պաշտապանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ Հայաստանը երբևիցե փոխանակման ճանապարհով չի գնում, սա մաքուր հումանիտար գործողություն է․ «Չեմ բացառում, բայց դա Լեռնային Ղարաբաղի սուվերեն որոշման խնդիրն է»։