Հոկտեմբերի 1-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանը պարգևատրել է ՊԲ զինծառայողներ Արմեն Բաբայանին, Էմիլ Ներսիսյանին, Պարույր Ամիրխանյանին և Ռաֆիկ Օրդոյանին՝ սեպտեմբերի 22-25-ին ադրբեջանական կողմի դիվերսիոն հարձակումը կանխելու և Orbiter-2 տիպի անօդաչու թռչող սարքը խոցելու համար:
Պարգևատրման մասին նշված է Արցախի նախագահի պաշտոնական կայքում։ Ըստ հրամանգրի` զինծառայողները պարգևատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով՝ Բաբայանը և Ներսիսյանը՝ հարձակումը կանխելու, իսկ Ամիրխանյանը և Օրդոյանը ԱԹՍ–ն խոցելու համար:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին՝ ժամը 10:15-ի սահմանում, ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները Ակնայի հատվածում խոցել են հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի՝ իսրայելական արտադրության Orbiter-2 տիպի անօդաչու թռչող սարք:
Ավելի ուշ Ադրբեջանի ՊՆ–ն հայտարարություն էր տարածել, նշելով, որ «Ադրբեջանի բանակի կազմում գտնվող բոլոր ԱԹՍ–ները շարքում են, կորուստներ չկան»։