Պետք է հիշեն, թե ինչ է եղել 90-ականներին. Բորդյուժա

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է նախօրեին Ադրբեջանում անցկացված զորահանդեսին.

«Պետք է ևս մեկ անգամ կրկնեմ, որ Արցախյան հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով, միայն բանակցությունների արդյունքում հաստատված կոնսենսուսը կարող է լուծել այս բարդ ու երկար ձգվող հակամարտությունը:

Նիկոլայ Բորդյուժա։ Լուսանկարը՝ PanArmenian.net_ի

Նիկոլայ Բորդյուժա։ Լուսանկարը՝ PanArmenian.net-ի

Այն իրադարձությունները, որոնք եղան Կովկասում և այն, ինչ տեղի է ունենում հիմա, ապացուցում են, որ այս տարածաշրջանում շատ հեշտ է ռազմական գործողություններ սկսելը: Հեշտ է առաջինը կայացնել զենք կիրառելու, պատերազմ սկսելու որոշումը, բայց չափազանց բարդ է այդ ամենը հետո խաղաղեցնել: Ցավոք, 90-ականներին մենք, այդ թվում ես, զգացինք դա»,- Բորդյուժայի խոսքերն է մեջբերում Aysor.am-ը։

«Կարծում եմ, որ որոշ քաղաքական գործիչներ այսօր մոռացել են այդ տխուր փորձը: Նրանք պետք է մի փոքր հիշեն թե ինչ է եղել 90-ականներին ու սառեցնել կրքերը: Էլի եմ ասում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար` միայն խաղաղ ճանապարհ»,- ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

Բորդյուժան հրաժարվեց ներկայացնել իր վերաբերմունքը բանակցային գործընթացում Արցախի ներգրավվման հետ կապված: Բորդյուժան ընդգծեց` բանակցային գործընթացին կարող է միջամտել միայն մեկ կառույց` ԵԱՀԿ Մինսկի խումբը:

«Բնականաբար, ՀԱՊԿ-ը տիրապետում է բանակցային գործընթացին ու տեղյակ է` ինչ է տեղի ունենում: Բայց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը: Ես դեմ եմ, որ որևէ մեկը, ով էլ դա լինի` թեկուզ հենց ՀԱՊԿ-ը, միջամտի այսօր տեղի ունեցող գործընթացին»,- ասաց Նիկոլայ Բորդյուժան:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *