Զորացրված զինծառայողների հետ անցկացվող «Դիտակետ» սոցհարցումների ծրագիրը ծառայել է իր նպատակին և պաշտպանության նախարարությունը արդեն տեղեկացված է զորքերում խնդիրների մասին։ Հարցումները կանգնեցված են, վերջին անգամ դրանք անցկացվել են 2018 թվականի ձմռանը զորակոչվածների հետ։ Այս մասին այսօր ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով Ռազմինֆոյի հարցին։
«Մենք հիմա վերլուծում ենք էդ ծրագրի շարունակության հետագա նպատակահարմարությունը։ Ծրագիրը պետք է վերափոխվի և՛ հարցման, և՛ սուբյեկտների տեսանկյունից։ … Շատ լավ աշխատանք է կատարված, բայց դա արդեն մեզ բավարար է որոշումներ կայացնելու համար»,– մանրամասնեց նախարար Տոնոյանը։
ՀՀ պաշտպանության նախարարությունը «Դիտակետ» ծրագիրն առաջին անգամ ներկայացրել է 2017- թվականի մայիսի 8-ին ՀՀ նախագահի գլխավորությամբ զորացրված և ժամկետային զինծառայողների հետ հանդիպման ընթացքում:
«Դիտակետ» ծրագրով բոլոր զորացրված զինծառայողները մարնամասն սոցհարցման միջոցով գնահատում էին զինվորական համակարգը, ծառայության պայմանները, արդյունավետությունը: Առաջին սոցհարցումներն արվել են 2017-ի ամռանը։