Վրաստանի ՊՆ նոր փոխնախարարը հետախուզությունից է

Վրաստանի պաշտպանության նախարարությունում կատարվել են կադրային փոփոխություններ, փոխնախարարներ են նշանակվել հետախուզության մասնագետ Դավիթ Սուջաշվիլին և սփյուռքի հարցերով մասնագետ Ռատի Բրեգաձեն:

Այս մասին հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարարությունը:

Դավիթ Սուջաշվիլին 1999-2012թթ ծառայել է Վրաստանի հետախուզական ծառայությունում, 2012-13թթ. եղել է ՆԳՆ տեղեկատվական-վերլուծական բաժնի ղեկավար, 2014-15թթ. Վրաստանի ԱԱԽ քարտուղար, ապա հետախուզության ծառայության ղեկավար և վարչապետի՝ հետախուզության հարցերով գլխավոր խորհրդական:

Վրաստանի ՊՆ փոխնախարար Դավիթ Սուջաշվիլին
Վրաստանի ՊՆ փոխնախարար Դավիթ Սուջաշվիլին

Ռատի Բրեգաձեն 2012-15թթ. զբաղեցրել է Վրաստանի սպորտի և երիտասարդության նախարարի տեղակալի պաշտոնը, 2015-16թթ. եղել է Վրաստանի կրթութան միջազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ, ապա պետնախարարի՝ սփյուռքի հարցերով տեղակալ, ինչպես նաև ԱԳՆ սփյուռքի հետ կապերի վարչության պետ:

Վրաստանի ՊՆ փոխնախարար Ռատի Բրեգաձեն
Վրաստանի ՊՆ փոխնախարար Ռատի Բրեգաձեն

Ավելի վաղ՝ սեպտեմբերին, Վրաստանի կառավարությունում եղան լուրջ փոփոխություններ: Հրաժարական տվեց վարչապետ Մամուկա Բախտաձեն, ում փոխարինեց ներքին գործերի նախարար Գիրոգի Գախարիան, ՆԳՆ պաշտոնը ստանձնեց պետանվտանգության ծառայության պետ Վախթանգ Գոմելաուրին: Պաշտպանության նախարարի պաշտոնում նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին փոխարինեց Լևան Իզորիային, վերջինս էլ նշանակվեց ազգային անվտանգության քարտուղար:

«Ռազմինֆոյի» հետ զրույցում «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Վլադ Վարդանյանը նշեց, որ Ղարիբաշվիլիի նշանակումը ունի երկակի նշանակություն․

«Կամ Վրաստանի կառավարությունում որոշել են լրջորեն զբաղվել բանակի ձևափոխմամբ, կամ սա 2020թ. խորհրդարանական ընտրություններից առաջ քաղաքական որոշում է: Ղարիբաշվիլին աչքի է ընկնում իր ռեֆորմիստական մոտեցումներով, ինչպես նաև հայտնի է որպես Վրաստանի նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիզինա Իվանիշվիլիի վստահված և մտերիմ մարդ»:

Անդրադառնալով փոխնախարարների նշանակմանը՝ փորձագետը նշեց․

«Ղարիբաշվիլին իր հերթին իր փոխնախարարներ նշանակեց Ռատի Բրեգաձեին և Դավիթ Սուջաշվիլիին: Եթե Բրեգաձեն աչքի է ընկնում որպես պրոֆեսիոնալ մենեջեր, ապա Սուջաշվիլիի նշանակումը մտորելու տեղիք է տալիս. նա պետանվտանգության կադրային աշխատակից է և վերջին տարիներին զբաղեցրել է երկրի հետախուզության ղեկավարի ու հետախուզության հարցերով վարչապետի խորհրդականի պաշտոնը»:


Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *