Ադրբեջանի ԶՈւ–ն սեպտեմբերի 9-11-ը 43 անգամ խախտել է հրադադարը շփման գծի տարբեր ուղղություններով: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի վարչական ապարատի տեղեկատվական բաժնի պետ Սամվել Ասատրյանը:
Ադրբեջանական հենակետերից տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից` այդ թվում «Իստիգլալ», ՊԿ և ՍՎԴ զինատեսակներից 23 անգամ գնդակոծվել են Տավուշի մարզի Այգեպար, Բարեկամավան, Արարատի մարզի Երասխավան, Պարույր Սևակ, Զանգակատուն, Վայոց Ձորի մարզի Արենի, Չիվա, Գեղարքունիքի մարզի Վահան բնակավայրերի մոտակայքում գտնվող մարտական դիրքերը:
Ադրբեջանի զինված ուժերի կողմից 20 անգամ գնդակոծվել են նաև Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի և Հադրութի շրջանների մարտական դիրքերը:
«Հայկական զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով, խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և իրավիճակին համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում»,–մասնավորապես ասել է գնդապետը։ :