Արցախում մեկ զինծառայող սպանվել է, մեկը` հոսպիտալացվել

Slaq.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ’ այսօր Մարտակերտի զորամասերից մեկում զինծառայող է սպանվել: Վարկած կա, որ ժամկետային զինծառայողն իրականում ինքնասպանություն է գործել:

Մեր ունեցած աղբյուրների փոխանցմամբ’ սպանված զինվորը Երևանի բնակիչ է, 8 ամիս առաջ էր զորակոչվել բանակ: Ի դեպ, արդեն իսկ հայտնի է նրան ինքնասպանության դրդողի անունը: Մեր աղբյուրները պնդում են, որ խիստ հավանական է’ հենց այսօր ձերբակալվի զինվորի սպանության մեջ կասկածվող անձը, որը բարձրաստիճան զինվորական է:

Հիշեցնենք, որ սա միակ դեպքը չէ, որ գրանցվել է օրերս ԼՂ-ի զորամասերում: Slaq.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ «Եղնիկներ» անունը կրող զորամասում զինծառայողների միջև ոչ կանոնադրական հարաբերությունների արդյունքում միջադեպ է գրանցվել, որի մանրամասները դեռևս անորոշ են: Սակայն, դեպքի հետևանքով կա տուժած զինվոր, ով տեղափոխվել է զինվորական հոսպիտալ: Ի դեպ, մեր աղբյուրները նշում են, որ զինվորը ենթարկվել է սեռական բռնության:

ՀՀ ՊՆ քննչական բաժնից Slaq.am-ին հաղորդեցին, որ ՀՀ ՊՆ քննչական ծառայության 3-րդ կայազորային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել’ Քր. օրենսգրքի 359 հոդվածի առաջին մասով: Այն է’ զինծառայողների փոխհարաբարերությունների կանոնագրքային կանոնները խախտելը’ նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայությամբ, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություններով: Կատարվում է նախաքննություն: Ձերբակալվածներ դեռևս չկան:

Րոպեներ առաջ տեղադրված` ԼՂՀ ՊԲ հրապարակման համաձայն, հոկտեմբերի 9-ին ժամը 10.40-ի սահմանում հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ, իրեն ամրակցված ԱԿՄ տիպի ինքնաձիգով ինքնասպանություն է գործել ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Վլադիմիր Անդրանիկի Ասատրյանը: Միջադեպի հետ կապված մանրամասները ճշտվում են: Տարվում է քննություն:

Սկզբնաղբյուր. slaq.am

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *