[Թարմացված] Գյումրիում հայտնաբերվել է ՌԴ ԶՈւ զինծառայողի մարմին․ ՔԿ

Գյումրիում հայտնաբերվել է Հայաստանում ռուսական ռազմաբազայի 23-ամյա զինծառայողի մարմին։ Այս մասին տեղեկությունը Ռազմինֆոյի հետ զրույցում հաստատեց Հայաստանի Քննչական Կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը։ Զինծառայողի մարմնի վրա քերծվածքներ են եղել։

Նա հայտնեց, որ նյութեր են նախապատրաստվում զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու նպատակով։

Նշենք, որ ավելի վաղ «ՏԱՍՍ» գործակալությունը Հայաստանի Քննչական Կոմիտեի մամուլի ծառայությանը հղում անելով՝ գրել էր, որ Գյումրիում «բռնի մահվան նշաններով» հայտնաբերվել է Հայաստանում ռուսական ռազմաբազայի զինծառայող։ Նրա մարմնի վրա կտրվածքներ են եղել։

ՔԿ մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը, մեկնաբանելով ռուսաստանյան կայքի հրապարակումը, ասաց, որ Քննչական կոմիտեն միայն հայտարարել է, որ մարմնի վրա քերծվածքներ են հայտնաբերվել։

18։42 [Թարմացում]. Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ զինծառայողի վրա «բռնի մահվան նշաններ» չեն հայտնաբերվել։ Զինծառայողը տանը իրեն վատ է զգացել, մահացել է շտապ օգնության մեքենայում։ [Թարմացման վերջ]

«Սպուտնիկ» գործակալությունը, սեփական աղբյուրները վկայակոչելով, գրում է, որ զինծառայողը մահացել է հիվանդության պատճառով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *