Ըստ ադրբեջանական «Գյունունսեսի» լրատվակայքի՝ 1992 թվականի հուլիսից Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Շահումյանի շրջանի Գետաշեն (ադրբ․՝ «Չայքենդ») գյուղում ծագումով հայ ամուսինները լուսանկարներ են արել, ինչը գրավել է գյուղացիների ուշադրությունը, ինչից հետո ամուսիններին ձերբակալել են։
Նշվում է, որ ամուսինները երկիր էին այցելել որպես զբոսաշրջիկ և հանգրվանել Գյանջա քաղաքում։
Դեպքի մասին պաշտոնական հայտարարություն չկա։
Ադրբեջանական մեկ այլ լրատվամիջոց հայտնել է նաև ամուսիններից մեկի անունը՝ «Զաքարյան Մարգարիսա Գրանովուն», ինչը հարցեր է առաջացնում։
Նախ՝ մենք չկարողացանք որևէ բաց աղբյուրից գտնել նման անունով անձի հիշատակում։ Կարելի է ենթադրել, որ ադրբեջանական կողմը կամ միտումնավոր է աղավաղել անունը, կամ, հաշվի առնելով ադրբեջաներենի որոշ առանձնահատկություններ, անունը լրատվակայքին կարող է հասած լինել «փչացած հեռախոսի» սկզբունքով։
Երկրորդը՝ հարց է առաջանում, թե հայկական ազգանունով մարդն ինչպես է հատել ադրբեջանական սահմանը, քանի որ Ադրբեջանում ընդունված պրակտիկա է երկիր չթողնել հայկական արմատներով անձանց՝ անկախ քաղաքացիությունից։