Ռուսաստանում վթարված ՍՈւ–25ՈւԲ գրոհիչը հայտնաբերել են. օդաչուները զոհվել են

Սեպտեմբերի 3–ին Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասում՝ Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանում, կործանված ՍՈւ–25ՈւԲ ուսումնամարտական գրոհիչի որոնողական աշխատանքները ավարտվել են։

Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ վկայակոչելով ուժային կառույցում իր աղբյուրին։

Գործակալությունը ավելի վաղը գրել էր, որ օդաչուները հասցրել են կատապուլտ լինել, այնուամենայնիվ, նրանց մարմինները հայտնաբերվել են ինքնաթիռի մեջ։ «ՌԻԱ Նովոստի» գործակալության հաղորդմամբ՝ օդաչուներից մեկը կապիտան էր, մյուսը՝ մայոր էր։

Գրոհիչը վթարվել է «Мёртвая петля» հնարքը կատարելու ժամանակ. ինքնաթիռը չի կարողացել բարձրություն հավաքել և բախվել է գետնին։

«Мёртвая петля» հնարքը
«Мёртвая петля» հնարքը

«ՏԱՍՍ»-ի աղբյուրները հայտնում են, որ դիտարկվում է վթարի հավանական 2 պատճառ՝ օդաչուների սխալը կամ տեխնիկայի խափանումը։ Վթարի մանրամասները հասկանալու համար ՍՈւ–25ՈւԲ–ի «սև արկղը» տեղափոխվել է Մոսկվա։

Գրոհիչը կործանվել էր սեպտեմբերի 3–ին՝ պլանային ուսումնական թռիչքի ժամանակ։ Դեպքից հետո Հարավային ռազմական շրջանում անորոշ ժամանակով դադարեցրել են ՍՈւ-25 գրոհիչների ուսումնական թռիչքները։

2000 թվականից սկսած Ռուսաստանի զինված ուժերը խաղաղ պայմաններում կորցրել են 10 միավոր տարբեր արդիականացումների ՍՈւ–25 գրոհիչ, որոնց հետևանքով զոհվել է 7 օդաչու։ Նույն ժամանակահատվածում պատերազմական գործողություններում Ռուսաստանը կորցրել է 15 միավոր ՍՈւ-25, ինչի հետևանքով զոհվել է 10 օդաչու։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *