Հարավային ռազմական շրջան. 2019–ի առաջին կիսամյակի ամփոփում

Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) ենթակայության տակ է գտնվում Հայաստանում տեղակայված 102–րդ ռազմաբազան, ինչպես նաև այս ռազմական շրջանի շտաբից են կոորդինացվում Սիրիայում ռուսական զորքերի մարտական գործողությունները։ Ստորև ներկայացրել ենք 2019 թվականի առաջին կիսամյակում ռազմական շրջանում եղած առավել ուշագրավ դեպքերը։

Կադրային փոփոխություններ, կադրային քաղաքականություն

Տարեսկզբին Հայաստան այցելեց ՀՌՇ հրամանատարի նորանշանակ տեղակալ գեներալ–լեյտենանտ Ալեքսեյ Ավեդևը։ Գեներալի այցը նպատակ ուներ ծանոթանալու իր ենթակայության տակ գտնվող Հայաստանում տեղակայված ռազմաբազայի ծառայության առանձնահատկություններին։

2019 թվականի փետրվարին փոխվեց ռազմական շրջանի շտաբի պետը։ 2017 թվականի մարտից շտաբը գլխավորող գեներալ–լեյտենանտ Միխայիլ Տեպլինսկիյին փոխարինեց չեչենական 2 պատերազմների մասնակից գեներալ–լեյտենանտ Սերգեյ Կուզովլևը։ Ինչպես նաև ռազմական շրջանի ենթակայության 8–րդ և 58–րդ համազորային բանակների հրամանատարներ նշանակվեցին համապատասխանաբար գեներալ–մայոր Անդրեյ Սիչեվոյը և գեներալ–մայոր Սերգեյ Ռիժկովը։

Փոփոխություններից անմասն չմնած նաև ռազմական շրջանի ռազմածովային ուժերը։ 2018 թվականից ՌԴ ԶՈւ ԳՇ պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած փոխծովակալ Իգոր Օսիպովը մայիսին ընդունեց Սևծովյան նավատորմի հրամանատարի պաշտոնը։ Նույն ժամանակ նավատորմի նախկին հրամանատար փոխծովակալ Ալեքսանդր Մոիսեևը ստանձնեց Հյուսիսային նավատորմի հրամանատարությունը։

Ապրիլին ՌԴ ԶՈւ ԳՇ պետ բանակի գեներալ Վալերի Գերասիմովը հայտնեց, որ Հարավային և Արևմտյան ռազմական շրջաններում ավելանալու է զինծառայողների քանակը։ Ընդ որում՝ մարդկային ռեսուրսների ավելացումը նախատեսված է կատարել մյուս երկու (Կենտրոնական և Արևելյան) ռազմական շրջանների զինծառայողների թվի կրճատման հաշվին։ Զինծառայողների ավելացումը ռազմական շրջաններում պաշտոնապես բացատրվում է արևմտյան և հարավային սահմանամերձ գոտում ՆԱՏՕ–ի և ԱՄՆ–ի ցուցաբերած ակտիվությամբ։

Նշենք, որ ԱՄՆ–ն ու ՆԱՏՕ–ն շարունակում են ակտիվ համագործակցությունը Ուկրաինայի և Վրաստանի հետ՝ տեխնիկական օգնության, հաճախակի հանդիպումների, զորավարժություններին ներգրավելու (1,2,3) և բանակը մարզելու (1,2) տեսքով։

Ռազմական շրջանը մայիսից փորձարկում է բանակում գլխավոր սերժանտների պրակտիկան։ Գլխավոր սերժանտը իր ստորաբաժանման հրամանատարի օգնականն է, և նշվում է, որ կադրային այս փորձարկման հաջող ավարտի դեպքում այն կկիրառվի ամբողջ բանակում։

Հավելենք, որ գարնանային զորահավաքի ընթացքում զուրջ 1500 զինծառայող զորակոչվել է 102–րդ ռազմաբազա։

Տեխնիկական համալրումներ

Փետրվարին ՌԴ ՊՆ կոլեգիայի նիստի ժամանակ որոշվեց 2019–ի ընթացքում ռազմական շրջանին տրամադրել 1200 միավոր նոր կամ արդիականացված տեխնիկա։ Ռազմական շրջանը արդեն համալրվել է 200 միավորից ավել «Տորնադո–Ս» ՀԿՌՀ–ներով, ինքնագնաց հաուբիցներով, տանկերով, զրահամեքենաներով, ավտոտեխնիկայով, և այլ ռազմական հատուկ տեխնիկաներով (1,2,3,4)։ Տեխնիկական համալրումներ ստացել են նաև ՌԾՈւ և ՌՕՈւ ստորաբաժանումները։

Նաև նշենք՝ մամուլում շրջանառվում են տեղեկություններ Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազայի ավիապարկը Սու–30ՍՄ կործանիչներով թարմացնելու մասին։ 102–րդ ռազմաբազայի ավիացիոն ստորաբաժանման հրամանատարը Razm.info–ին հայտնել էր, որ սա դեռևս խոսակցությունների մակարդակում է, սակայն, հաշվի առնելով Հայաստանի Սու–30ՍՄ կործանիչներ գնելը, տրամաբանական կլինի նաև ռազմաբազային նույնպիսի ավիամիջոց տրամադրելը։

«Տորնադո–Ս» ՀԿՌՀ
«Տորնադո–Ս» ՀԿՌՀ

Կառուցվածքային փոփոխություններ

Վերը նշված ՌԴ ՊՆ կոլեգիայի նիստի ժամանակ նաև որոշվել էր ՀՌՇ–ում կազմավորել հրթիռային նոր բրիգադ, «ԲԱԼ» հականավային հրթիռային համակարգերի դիվիզիոն, ևս 2 գունդ և մոբիլիզացիոն բացազատման ապահովման կենտրոն։

Մարտին հայտնի դարձավ, որ Աստրախանում 8–րդ համազորային բանակի կազմում ստեղծվել է հրթիռային նոր բրիգադ։ Այդ ժամանակ ՀՌՇ հրամանատար գեներալ–գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովը հայտարարել էր, որ մնացած նախատեսվող զորամասերի կազմավորման աշխատանքները գրեթե ավարտվել են։

2019 թվականին նախատեսվում է ավարտել Դաղստանի Կասպիյսկ և Մախաչկալա քաղաքներում Կասպյան նավատորմիղի նոր տեղակայման վայրերի շինարարության առաջին փուլը։ Հիշեցնենք, որ նավատորմիղը Աստրախանից տեղափոխելու որոշումը ընդունվել է 2018–ին։

Նավատորմիղի տեղափոխությունը Աստրախանից Դաղստան պետք է դիտարկել մի քանի տեսանկյունից։ Կասպիյսկն ու Մախաչկալան հենց լճի ափին են և այդպիսով նավերը լիճ դուրս գալու համար կխնայեն ավելի քան 150 կմ Վոլգա գետով անցնող ճանապարհ։ Ռուսաստանը փորձ ունի Կասպից ծովից Սիրիա հրթիռային հարվածներ հասցնելու, ուստի Կասպյան տորմիղի նշանակությունը շատ ավելի բարձր է, քան կարելի է ենթադրել և Ռուսաստանի համար կարևոր է տորմիղի մոբիլության ու բացազատման արագության բարձրացումը։

Սակայն դիտարկման արժանի է նաև այն հանգամանքը, որ Դաղստանի բնակչության 96 տոկոսը մահմեդական է և վերոնշյալ քաղաքներում ահաբեկչական գործողություններ նախկինում եղել են (1,2,3)։ Սա մի կողմից կարող է որոշակի ռիսկեր պարունակել նավատորմիղի համար, մյուս կողմից դժվար է հավատալ, որ Ռուսաստանը հատուկ ուշադրություն չի դարձնի իր «թանկարժեք» նավատորմիղին և օգտագործելով նավատորմիղը պահպանելու փաստը՝ ևս մեկ զորամիավորումով կամրապնդի իր դիրքերը Կովկասում։

Հունիսին Պետդումայի պաշտպանական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Շամանովը հայտնեց, որ Ղրիմում գործող օդադեսանտային գումարտակի հիմքով կազմավորվելու է օդադեսանտային գունդ։ Այս հայտարարությունը ուղեկցվեց Ղրիմում Սու–35Ս կործանիչներ տեղակայելու նորությունով։ Հետաքրքրական է, որ Ղրիմում գործող ստորաբաժանումը արդեն ունի Սիրիայում գտնվող ռուսական ավիաբազային արագ օգնության հասնելու փորձ և ստորաբաժանման մեծացումն ու նոր կործանիչներ տրամադրելը կարելի է նաև դիտարկել, որպես «Հմեյմիմ» ավիաբազայի թիկունքային ապահովում։

Սու–35Ս կործանիչների ԹՏԲ և հնարավոր տեղակայումը Ղրիմում․ նկարը՝ «Իզվեստիայի»
Սու–35Ս կործանիչների ԹՏԲ և հնարավոր տեղակայումը Ղրիմում․ նկարը՝ «Իզվեստիայի»

Զորավարժություններ

Տարեսկզբին ՌԴ ՊՆ–ն հայտնեց, որ նախատեսվում է 102–րդ ռազմաբազայում զորավարժությունների հաճախականությունը բարձրացնել։ Մինչև այս եղած բազմաթիվ զորավարժություններից ու վարժանքներից կարելի է առանձնացնել ռազմաբազայի 2500 զինծառայողով կատարած զորավարժությունը հունվարին և հայ–ռուսական միացյալ զորախմբի զորավաժությունը ապրիլին, որին մասնակցում էին ավելի քան 1500 զինծառայող և ներգրաված էր շուրջ 400 միավոր զինտեխնիկա։ Եվս մեկ միացյալ զորավարժություն նախատեսվում է սեպտեմբերին։

Նշենք, որ ապրիլին ռազմական շրջանի հրամանատարությունը ընդունել էր ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանին ու հայ–ռուսական միացյալ զորախմբի հրամանատար գեներալ–մայոր Տիգրան Փարվանյանին։ Կողմերը երկկողմ համագործակցության հարցեր էին քննարկել։

ՀՀ ԶՈւ զինծառայողները՝ հայ-ռուսական զորախմբի վարժանքների ժամանակ
ՀՀ ԶՈւ զինծառայողները՝ հայ-ռուսական զորախմբի վարժանքների ժամանակ

Կորուստներ

Հունիսին Ղրիմում վարժանքների ընթացքում դժբախտ պատահարի արդյունքում մահացել էին 2 պայմանագրային զինծառայողներ։ Պայմանագրայինները թռիչքից հետո վայէջք էին կատարել ջրի վրա և չկարողանալով ազատվել պարաշյուտից՝ խեղդվել էին։

Ավելի վաղ՝ փետրվարին, հայտնի դարձավ Սիրիայում անհետ կորած առնվազն 3 ռուս սպայի մասին։ Ավելի ուշ ՌԴ ՊՆ–ն հաստատեց լուրը։

Հունվարի 31–ին կրկին Սիրիայում զոհվել էր Մաքսիմ Պլանտևը, ով օդադեսանտային ստորաբաժանման պայմանագրային զինծառայող էր։

Ռուսաստանում խաղաղ ժամանակ հատուկ գործողություններում զոհվածների մասին տեղեկությունը համարվում է պետական գաղտնիք։ Օրենքն ընդունվել է 2015 թվականին՝ Սիրիա զորք ուղարկելուց առաջ և ըստ այդմ Սիրիայում ռուսական բանակի կորուստներ մասին տեղեկությունները սկավաթիվ են։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *