Հուլիսի 7-ին կսկսվի Ս–400-ների առաջին մատակարարումը Թուրքիա. Habertürk

Կիրակի՝ հուլիսի 7-ին, ռուսական երկու բեռնատար ինքնաթիռ կբեռնվի Ս–400 ՀՕՊ համակարգերի պահեստամասերով։ Դրանք արդեն եկող շաբաթ կլինեն Թուրքիայում։

Այս մասին հայտնում է թուրքական իշխանամետ Habertürk լրատվական գործակալությունը։

Ըստ աղբյուրի՝ առաջին փուլում Թուրքիա է մատակարարվելու Ս–400-ների մեկ մարտկոց, մատակարարումը լինելու է մաս-մաս։

Նշվում է, որ Ս–400-ների տեղակայման համար ավելի վաղ Թուրքիա է ժամանել հատուկ տեխնիկական մասնագետների խումբ։ Բացի 9 անդամից բաղկացած խմբից, որը մեկնել է Ռուսաստանից, մինչև երկուշաբթի Թուրքիա կգնա նաև տեղակայման աշխատանքներ կատարող խումբը։

Հակաօդային պաշտպանության Ս-400 «Տրիումֆ» ԶՀՀ. ՌԴ ԶՈւ
Հակաօդային պաշտպանության Ս-400 «Տրիումֆ» ԶՀՀ. ՌԴ ԶՈւ

Նշենք, որ ըստ թուրքական իշխանամետ «Թուրքիա» թերթի՝ Թուրքիան կստանա 36 արձակման կայան, որոնք բաժանված կլինեն 4 դիվիզիոնի։ Ըստ թերթի՝ կմատակարարվի 192 հրթիռ. յուրաքանչուր դիվիզիոն ներառում է 9 արձակման կայան, որից ամեն մեկը՝ 4 հրթիռ։ Այսինքն՝ 36 արձակման կայանը միասին ունենալու են 144 հրթիռ, իսկ մնացած 48 հրթիռը լինելու է պահեստային։  

Թուրքական աղբյուրներում տարածված է այն տեսակետը, որ ռուսական ՀՕՊ համակարգերը պաշտպանելու են մայրաքաղաք Անկարայի և Ստամբուլի օդային տարածքը։

Ս–400-ների գնման պայմանագիրը Թուրքիայի և Ռուսաստանի միջև կնքվել է 2017թ. դեկտեմբերին։

Ս-400 «Տրիումֆ» ՀՕՊ համակարգերի մարտավարատեխնիկական բնութագիրը․

  • Թիրախի հայտնաբերման հեռահարությունը՝ 600 կմ;
  • Միաժամանակ խոցվող թիրախների առավելագույն քանակը՝ 10 (յուրաքանչյուրը);
  • Հնարավոր թիրախները՝ ինքնաթիռներ, բալիստիկ հրթիռներ;
  • Աերոդինամիկ թիրախները (ինքնաթիռներ, ուղղաթիռներ և այլ օդային միջոցներ) կարող է խոցել մինչև 400 կմ հեռավորության վրա;
  • Բալիստիկ թիրախները՝ 60 կմ հեռավորության վրա։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *