Ռուսաստանի օդային տրանսպորտի դաշնային գործակալության («Ռուսավիացիա») և Թուրքիայի քաղավիացիայի գլխավոր տնօրինության միջև 2018թ. փետրվարի 7-ին կնքած պայմանագրի շրջանակներում ռուսական կողմն ավարտել է Թուրքիային երեք միավոր Կա-32Ա11ՎՍ ուղղաթիռների մատակարարումը։
Այս մասին Ռուսաստանում անցկացվող «Բանակ–2019» միջազգային ռազմական ցուցահանդեսի ընթացքում պետական «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգի տնօրեն Անդրեյ Բոգինսկին։
Բոգինսկին հայտնել է նաև, որ կողմերի միջև բանակցություններ են սկսել հետագա մատակարարումների համար, քանի որ Թուրքիան դեռ հնարավորություն ունի ևս 5 ուղղաթիռ գնելու։

Կա-32Ա11ՎՍ ուղղաթիռները նախատեսված են որոնողափրկարարական, վիրավորների տարհանման, հրդեհամարման աշխատանքների կատարման, ինչպես նաև պարեկության համար։
Համաձայն ռուսաստանյան կողմի տրամադրած տվյալների՝ ուղղաթիռը կարող է վայրէջք կատարել փոքր նավերի տախտակամածերին, հորատման պլատֆորմերին, դժվարահասանելի կետերում։ Կառավարում է մեկ օդաչու, բեռանատարողությունը՝ 5 տոննա։
Հիշեցնենք, որ 2017թ. օգոստոսին հայտնի դարձավ, որ Ռուսաստանը Թուրքիայի ու Թաիլանդի հետ կնքել էր 8 միավոր Կա-32 ուղղաթիռների արտահանման պայմանագիր։ Երեք միավոր ուղղաթիռ 2018թ. գարնանից Թուրքիա մատակարարելու համար երկու կողմերը պայմանագիր էին կնքել 2018թ. փետրվարի 7-ին, սակայն մատակարարումն ամենայն հավանականությամբ հետաձգվել էր, քանի որ առաջին միավորը Թուրքիա մատակարարվեց 2019թ. փետրվարին։