Ռուսաստանը դուրս եկավ հրթիռների ոչնչացման պայմանագրից

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 3–ին ստորագրել է Պետդումայի հաստատած նախագիծը, որով Ռուսաստանը դուրս է գալիս «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման» պայմանագրից։

Այս մասին հայտնում է պետական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ Որոշումը տեղադրված է ՌԴ կառավարության կայքում։

Պայմանագրից դուրս գալու նախագիծը մայիսի 31–ին Պետդումայի քննարկմանն էր ներկայացրել նախագահ Պուտինը։ Ավելի վաղ՝ մարտի 4–ին, ՌԴ նախագահը ստորագրել էր պայմանագրից դուրս գալու հրաման։ Նախագիծը Պետդուման քննարկել ու հաստատել էր հունիսի 18–ին։

«Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագիրը ստորագրվել է 1987-ի դեկտեմբերի 8-ին Վաշինգտոնում ԽՍՀՄ-ի ու ԱՄՆ-ի միջև, իսկ ուժի մեջ է մտել 1988-ի հունիսի 1-ից։

Կողմերը պարտավորվում էին չարտադրել ու չփորձարկել միջին (1000-5500 կմ) և փոքր (500-1000 կմ) հեռահարության ցամաքային տեղակայման բալիստիկ ու թևավոր հրթիռներ, ինչպես նաև 3 տարվա ընթացքում պետք է ոչնչացվեին այդ դասի արդեն գոյություն ունեցող բոլոր հրթիռները և դրանց արձակման կայանները։

1991-ի հունիսին պայմանագրի կետերը կատարվել էին և Խորհրդային Միությունը ոչնչացրել էր 1846, իսկ Միացյալ Նահանգները՝ 846 հրթիռային համակարգ։

Կողմերը բազմիցս մեղադրել են միմյանց պայմանագիրը խախտելու համար։ Այդպիսի վերջին մեղադրանքը հունվարին էր, երբ Ռուսաստանը ներկայացրել էր «Իսկանդեր–Մ» համակարգի նոր 9Մ729 թևավոր հրթիռ ու արձակման կայան։

2018 թվականի հոկտեմբերին նույն պայմանագրից դուրս գալու հնարավորություն մասին հայտարարել էր նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, պատճառաբանելով, որ Ռուսաստանը խախտում է պայմանագրի դրույթներն ու պատրաստում է պայմանագրով արգելված հրթիռներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *