Իրաքի վարչապետ Ադիլ Աբդուլ Մահդին հրամայել և վերջնաժամկետ է տվել Իրաքում գործող շիայական զինված միավորումներին, մասնավորապես՝ Իրանի հետ ասոցացվող «Հաշդ աշ-Շաաբի» զորաջոկատին միանալ Իրաքի բանակին և դառնալ դրա մի ստորաբաժանում:
Իրաքի վարչապետի հրամանը փոխանցում է rudaw լրատվական գործակալությունը: Հրամանագիրը հրապարակվել է հուլիսի 1-ին, դրանով զորաջոկատներին մինչև հուլիսի 31-ը վերջնաժամկետ է տրվում միանալ կանոնավոր բանակին, գործել Իրաքի ԶՈւ գլխավոր շտաբ ենթակայության տակ՝ ըստ իրենց չափերի ստանալով գումարտակի, բրիգադի ևն կարգավիճակ:
Զորաջոկատներից խոշորը՝ «Հաշդ ալ-Շաաբի» (Ժողովրդական մոբիլիզացիայի ուժեր) կազմավորվել էր շիաներից 2014-ին՝ ընդդեմ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության, և կարևոր դեր է ունեցել Իրաքի տարածքում վերջինիս ջախջախման գործում: Դեռ 2016-ին այս զորաջոկատը ստացել էր պետական կարգավիճակ՝ Իրաքի վարչապետի ենթակայության տակ, իսկ 2018-ի Իրաքի նախկին վարչապետ Հայդար ալ-Աբադիի հրամանով «Հաշդ ալ-Շաաբիին», պահպանելով իր կառուցվածքը ու անունը, մտնել էր Իրաքի անվտանգության ուժերի կազմ:
Դատելով նոր հրամանագիրց՝ ենթադրվում է զորաջակատների ապակազմավորում, ապա բանակի կազմում ինտեգրացիա: Պայմաններին չհամաձայնվելու դեպքում զորաջոկատները պետք է զինաթափվեն: Հրամանագրին արդեն իսկ արձագանքել են մի շարք այլ շիայական զորաջոկատներ՝ համաձայնելով պայմաններին: