Լեհաստանի ամերիկյան ռազմաբազայի զինծառայողների համար կառուցվելու է ուսումնական կենտրոն։ Այն նախատեսված է կառուցել Լեհաստանի հյուսիսային Դրավսկո-Պոմորսկե քաղաքում։
Այս մասին հայտնել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչեկը։
Հունիսին Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ 2 երկրների նախագահները համաձայնության էին եկել Լեհաստանում ԱՄՆ մշտական ռազմաբազա կազմավորելու շուրջ։ Ռազմաբազայում լինելու են 1000 ամերիկացի զինծառայողներ, ովքեր տեղափոխվելու են Գերմանիայում գտնվող ամերիկյան ստորաբաժանումներից և զինված են լինելու MQ-9 անօդաչու թռչող սարքերով։
Ավելի ուշ՝ հունիսի 17–ին Մարիուշ Բլաշչեկը հայտարարել էր, որ ռազմաբազան տեղակայվելու է 6 վայրերում։ Լեհաստանի և ԱՄՆ–ի միջև մշտական ռազմաբազա տեղակայելու մասին բանակցությունները ուղեկցվեցին 32 միավոր ամերիկական F-35 կործանիչների գնումով, որոնցով Լեհաստանը փոխարինելու է իր ավիապարկում գտնվող ՄիԳ–29 և Սու–22Մ4 կործանիչները։
Ներկայումս Լեհաստանում ամերիկյան զորքերի թիվը կայուն չէ։ Տարեկան միջինը Լեհաստանում է լինում 4500 ամերիկյան զինվորական։ Նրանց մի մասը մտնում է Սուվալյան միջանցքում ԱՄՆ գլխավորած բազմազգ 1000 հոգանոց խմբի, մյուսը՝ գերմանական սահմանի մոտ գտնվող ամերիկյան բրիգադի մեջ։