Պուտինն, Էրդողանն ու Ռոհանին շուտով կհանդիպեն

Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը հունիսի 28-29-ին Ճապոնիայի Օսակա քաղաքում կայացած G20 գագաթաժողովին երկկողմ փակ հանդիպմանը քննարկել են Թուրքիա–Ռուսաստան–Իրան Սիրիայի հարցով հաջորդ գագաթաժողովը։

Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ նովոստի» պետական լրատվական գործակալությունը։

Պեսկովը նշել է, որ հանդիպման ժամկետները դեռևս հայտնի չեն, սակայն ենթադրվում է, որ այն կկայանա առաջիկայում։

Հիշեցնենք, որ Իրանը, Թուրքիան ու Ռուսաստանը համարվում են Սիրիայում «անվտանգության գոտիներ» ստեղծելու երաշխավոր երկրներ։ Այս համաձայնությունը ձեռք է բերվել 2017թ.՝ Աստանայում։ Մինչև այս կողմերը 4 հանդիպում են ունեցել. երկուսը՝ Սոչիում, Անկարայում ու Թեհրանում։

Եռակողմ նախորդ հանդիպումն անցկացվեց փետրվարի 14–ին, Ռուսաստանի Սոչի քաղաքում։ Հանդիպմանը կողմերը քննարկել էին Սիրիայից ԱՄՆ զորքերի դուրսբերումը և սահմանադրական կոմիտեի ստեղծումը։ Հաջորդ հանդիպումը նախատեսվում է անցկացնել Թուրքիայում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *