Վրաստանի ԶՈւ Սաչխերեի լեռնային պատրաստության դպրոցում ՀՀ ԶՈւ զինծառայողները հունիսի 16-ից մասնակցում են ամառային դասընթացին, որն անցկացվում է ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղություն» ծրագրի (NATO Partnership for Peace) շրջանակներում:
Այս մասին հայտնում է Վրաստանի ՊՆ կայքը:
Դասընթացին մասնակցում է 40 զինծառայող՝ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Լիտվայից, Լատվիայից, Էստոնիայից, Չեխիայից, Լեհաստանից, Ուկրաինայից և Հայաստանից:
Պարապմունքները տևելու են մինչև հուլիսի 5-ը: Դրանց ընթացքում մասնակիցները սովորելու են ժայռամագլցման, լեռնային պայմաններում խոչընդոտների հաղթահարման, գետանցման և այլ հմտություններ:
Նշենք, որ ՀՀ ԶՈւ զինծառայողները նախորդ տարիներին ևս մասնակցել են այս դասընթացին: