Թուրքիան ամերիկյան զինտեխնիկայի պահեստամասեր է հավաքում՝ զգուշանալով պատժամիջոցներից. Bloomberg

Ս–400-ների գնման համար Անկարային պատժամիջոցների ենթարկելու ԱՄՆ շարունակվող սպառնալիքներից զգուշանալով՝ Թուրքիան ամերիկյան ռազմատեխնիկայի համար նախատեսված սարքավորումներ ու մասեր է պահեստավորում։

Այս մասին գրում է ամերիկյան Bloomberg գործակալությունը՝ հղում անելով թուրք պաշտոնյաներին, որոնց անունները չի նշվում։

Գործակալության աղբյուրները, սակայն, հրաժարվել են ասել, թե կոնկրետ ինչ պահեստամասերի մասին է խոսքը, որտեղից են դրանք գնվում, և թե որքան է տևելու այդ գույքագրումը։ Հայտնի չէ նաև, թե երբ է առաջին անգամ որոշվել պահեստամասերի հավաքագրում անել։

Bloomberg–ը նաև գրում է՝ եթե ԱՄՆ–ն Թուրքիային դուրս թողնի F-35 կործանիչների ծրագրից, ապա Թուրքիան որպես այլընտրանք կդիտարկի նաև ռուսական արտադրության կործանիչները։

Թուրքիայի սպառազինությունում կան ամերիկյան արտադրության F-16 կործանիչներ, UH-60 ուղղաթիռներ, CH-47F «Չինուք» բեռնատար ուղղաթիռներ։ Այժմ Թուրքիան սպասում է իր պատվիրած 116 միավոր F-35 կործանիչներին, որոնց պահեստամասերի մատակարարումն ապրիլի 1–ին արդեն դադարեցվել է։

Հիշեցնենք, որ լարվածությունը Թուրքիայի և ԱՄՆ–ի միջև ծագել է ռուսական Ս–400 ՀՕՊ համակարգեր գնելու համար։ ԱՄՆ–ն պարբերաբար սպառնում է Թուրքիային պատժամիջոցներով, այդ թվում՝ F-35 կործանիչների ծրագրից դուրս թողնելով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *