Ս–400-ները Թուրքիա կմատակարարվեն 10 օրվա ընթացքում. Էրդողան

Ռուսական Ս–400 ՀՕՊ համակարգերի առաջին խմբաքանակը Թուրքիա է մատակարարվելու առաջիկա 10 օրվա ընթացքում։ Այս մասին
լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հունիսի 28–29-ին Ճապոնիայի Օսակա քաղաքում անցկացված G20 գագաթաժողովից հետո լրագրողների հետ զրույցում։

Էրդողանի հայտարարությունը փոխանցում են թուրքական լրատվամիջոցները։ Էրդողանը կրկին ընդգծել է, որ Ս–400-ների մատակարարման համար ամեն ինչ պատրաստ է, և այդ մասին Թրամփին, ոչ միայն ինքն, այլև Պուտինն է ասել։

Անդրադառնալով Ռուսաստանում թուրք մասնագետների վերապատրաստումներին՝ Էրդողանը նշել է, որ դասընթացները շատ լուրջ են եղել, և հիմա այդ մասնագետները Թուրքիայում իրենք են լինելու դասավանդողներ։

Էրդողանը G20 գագաթաժողովից հետո պատասխանել է լրագրողների հարցերին
Էրդողանը G20 գագաթաժողովից հետո պատասխանել է լրագրողների հարցերին

Հիշեցնենք, որ գագաթաժողովի շրջանակներում Էրդողանը հանդիպեց ԱՄՆ նախագահ Թրամփին, որի հետ քննարկել էին Ս–400-ների խնդիրը։ Արդյունքում՝ Էրդողանը կրկին հայտարարեց, որ Թուրքիան չի հրաժարվելու ռուսական համակարգերից, իսկ Թրամփն ասաց, որ այս գործարքը խնդիր է և պետք է լուծում փնտրել։

Ուշագրավ է, որ Թրամփը, պատասխանելով Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների վերաբերյալ հարցին, ասաց, որ իր կարծիքով, Էրդողանը մեղավոր չէ, քանի որ երբ նա ուզում էր ամերիկյան Patriot ՀՕՊ համակարգերը գնել, ԱՄՆ–ն չվճառեց, դրա համար էլ նա Ռուսաստանից գնեց։

Թեպետ Թրամփը հստակ չպատասխանեց՝ արդյո՞ք պատժամիջոցներ կլինեն, թե՝ ոչ, Էրդողանը հանդիպումից հետո հայտարարեց, որ Թրամփն անձամբ ասել է, թե «նման բան չի լինելու»։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *