«Թրամփն անձամբ ասաց, որ պատժամիջոցներ չեն լինելու». Էրդողան–Թրամփ հանդիպումը

Հունիսի 29-ին Ճապոնիայի Օսակա քաղաքում անցկացվող G20 գագաթաժողովի շրջանակներում Թուրքիայի և ԱՄՆ նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Դոնալդ Թրամփը երկկողմ հանդիպման ընթացքում քննարկել են Ս–400-ների հարցը։

Նախագահների փակ հանդիպումից առաջ տված մամուլի ասուլիսի ընթացքում Թրամփը նշել է, որ Թուրքիայի կողմից Ս–400-ների գնումը խնդիր է, սակայն կողմերը փորձում են դրան լուծում տալ։

Թուրքիայի և ԱՄՆ նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Դոնալդ Թրամփը հանդիպել են Ճապոնիայում կայացած G20 գագաթաժողովի շրջանակներում
Թուրքիայի և ԱՄՆ նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Դոնալդ Թրամփը հանդիպել են Ճապոնիայում կայացած G20 գագաթաժողովի շրջանակներում

Արդեն հանդիպումից հետո Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ ասվում է, որ Թրամփն անհանգստություն է հայտնել Ռուսաստանից Ս–400 ՀՕՊ համակարգերի գնման համար և հորդորել է Թուրքիային պաշտպանական ոլորտում համագործակցել ԱՄՆ-ի հետ, ինչն ավելի կամրապնդի ՆԱՏՕ դաշնակցությունը։ Սպիտակ տան հայտարարությունը փոխանցում է միջազգային «Ռոյթերս» գործակալությունը։

Մամուլի ասուլիսի ընթացքում Թրամփն անդրադարձել է նաև ամերիկյան Patriot համակարգերի վաճառքին, որոնք այժմ, որպես Ս–400-ների այլընտրանք, ԱՄՆ-ն առաջարկում է Թուրքիային.

«[Թուրքիայի — Ռազմինֆո խմբ․] նախագահին չի թույլատրվել գնել Patriot համակարգերը, ․․․ Օբամայի կառավարությունը անարդարություն է ցուցաբերել Թուրքիայի նկատմամբ»։

Պատասխանելով լրագրողի՝ Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների վերաբերյալ հարցին, ԱՄՆ նախագահը կրկին ընդգծել է նախկինում Թուրքիային Patriot համակարգերի վաճառքի մերժումն ու պատժամիջոցների խնդիրը որակել որպես «երկկողմ փողոց», որտեղ Թուրքիան, ըստ էության, մեղավոր չէ, քանի որ ամերիկյան համակարգերը գնել չկարողանալու պատճառով դիմել է Ռուսաստանին։

Երկու կողմերը նաև ընդգծել են տարբեր ոլորտներում ունեցած համագործակցությունը.

«Մեր ռազմավարական համագործակցությունը ցույց է տալիս տարբեր ոլորտներում մեր համերաշխությունը։ Հուսով եմ, որ ապագայում էլ այս համերաշխությունը շարունակվելու է։ ․․․ Այժմ մենք ապահովել ենք առաջընթաց ուղղված 75 մլրդ դոլարի տնտեսական առևտրի ցուցանշին։ Մենք պաշտպանական արդյունաբերությանն ուղղված քայլեր ենք արել և անելու, սակայն ամեն ինչից զատ ունենք ռազմավարական համագործակցություն»,- հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը։

Թրամփն էլ, անդրադառնալով Էրդողանի նշած 75 մլրդ դոլարի առևտրի ցուցանշին, հայտարարել է, որ այդ ցուցանիշը շատ ցածր է, այն դեռ պետք է գերազանցի 100 մլրդ դոլարը։

«Մենք նպատակ ունենք չորս անգամ մեծացնել մեր առևտրի ծավալները։ Թուրքիան շատ լավ արդյունաբերություն և արտադրանք ունի։ Մեր հարաբերությունները զարգանում են նաև ռազմական ոլորտում։ Միևնույն ժամանակ ակնկալում ենք մեզնից մեծածավալ ռազմական գնումներ»,- ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը հայտնել է նաև, որ առաջիկայում այցելելու է Թուրքիա, բայց հստակ ժամկետներ չի նշել։

էրդողանի և Թրամփի մամուլի ասուլիսը G20-ի շրջանակներում փակ հանդիպումից առաջ
էրդողանի և Թրամփի մամուլի ասուլիսը G20-ի շրջանակներում փակ հանդիպումից առաջ

Երկկողմ հանդիպումներից հետո իր մամուլի ասուլիսին Թուրքիայի նախագահը պատասխանելով Ս–400-ների գնման համար ԱՄՆ պատժամիջոցների վերաբերյալ հարցին հայտարարեց, որ մամուլի ասուլիսին Թրամփն անձամբ է ասել, որ «այդպիսի բան չի լինելու»։

Էրդողանի մամուլի ասուլիսը G20 գագաթաժողովի ընթացքում

Արդեն F-35-երի մասին Էրդողանն ընդգծեց, որ Թուրքիան արդեն 1 մլրդ 400 մլն դոլարի ներդրում ունի և ինքն այդ ծրագրում ոչ թե գնորդ, այլ համատեղ արտադրող է։ Նա հույս հայտնեց, որ այս գործարքը չի փչացնի ԱՄՆ-Թուրքիա երկկողմ հարաբերությունները։

Էրդողանը կրկնեց, որ Ս–400 համակարգերի գնումն արդեն մատակարարման փուլում է, և «Թուրքիայի նման երկրին սազական չէ այսպիսի պայմանագիրը չեղարկելը, գործն ավարտված է»։ Նա հայտնեց, որ մատակարարումները նախատեսվում են հուլիս ամսվա առաջին կեսին։

Թրամփ–Էրդողան հանդիպումը տևել է մոտ 35 րոպե։ Թուրքական կողմից հանդիպմանը ներկա են եղել ԱԳՆ Մևլյութ Չավուշօղլուն, Գանձապետարանի և ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը, ՊՆ Հուլուսի Աքարը, նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը, նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը, Ազգային հետախուզական ծառայության նախագահ Հաքան Ֆիդանը և Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահի տեղակալ Ջևդեթ Յըլմազը։

Ամերիկյան պատվիրակության կազմում հանդիպմանը ներկա էին նաև պետքարտուղար Մայք Պոմպեոն, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Մարկ Էսփերը, նախագահի ազգային անվտագության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը, ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը:

Էրդողանի և Թրամփի մամուլի ասուլիսը հանդիպումից առաջ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *