2017-ին Ադրբեջանի սահմանը հատած ՀՀ քաղաքացին հետ է վերադարձվել

Հունիսի 28-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ Հայաստան է վերադարձել 2017թ. հունիսի 20-ին Ղազախի ուղղությամբ սահմանը հատած ՀՀ քաղաքացի Զավեն Հովհաննեսի Կարապետյանը։ Ադրբեջան է վերադարձել նաև 2019թ. մարտի 16-ի գիշերը սահմանին վնասազերծված ադրբեջանցի Էլվին Արիֆ օղլու Իբրահիմովը։

Այս տեղեկությունը Ռազմինֆոյի հետ զրույցում հաստատեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։ Վերջինս նշեց, որ սա, սակայն, «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափի կիրառում չէր։

Նաղդալյանը News.am-ին հայտնել է, որ «այստեղ խոսքը չի գնում փոխանակման մասին, քանի որ Հայաստանը հենց սկզբից հայտարարել էր, որ ս.թ. մարտի 16-ին ՀՀ պետական սահմանն ապօրինի հատած Էլվին Արիֆ Օղլու Իբրահիմովին Ադրբեջան ՀՀ-ն վերադարձնում է առանց որևէ նախապայմանի՝ հիմնվելով հումանիտար նկատառումների վրա: Այս գործընթացն իրականացվել է ԿԽՄԿ-ի և մասնավորապես` Հայաստանում կազմակերպության առաքելության հետ սերտ համագործակցության միջոցով: Իբրաhիմովը չէր գործել ծանր հանցանք, ուստի նրա հանդեպ կիրառելի է հումանիտար սկզբունքի հիման վրա անհատական մոտեցումը:

Մենք ի գիտություն ենք ընդունել նաև Ադրբեջանի որոշումը ազատ արձակելու 2017թ.-ի հունիսի 20-ին անհայտ պայմաններում Ադրբեջանի տարածքում հայտնված ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանին և ԿԽՄԿ հետ մեկտեղ կազմակերպել ենք նրա հայրենադարձությունը»։

Հիշեցնենք, որ Զավեն Կարապետյանը ձերբակալվել էր հունիսի 20-ին։ Նրա մասին հայտարարության մեջ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել էր՝ իբր «դիվերսիա են կանխել և գերի վերցրել»: Հրապարակվել էր նաև տեսանյութ, որտեղ երևում էր, որ Կարապետյանը քաղաքացիական հագուստով է, ում պարզապես հագցրել էին մարտական բաճկոն:

Արդեն հունիսի 22-ին ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ Զավեն Կարապետյանը ՀՀ զինված ուժերում չի ծառայել, քանի որ առողջական խնդիրներ է ունեցել (մտավոր հետամնացություն) եւ ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանի համաձայն՝ 24․12․1993 ազատվել է ծառայությունից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *