Ռուսաստանը գնել է ավիացիոն տեխնիկայի նոր խմբաքանակ. Պաշտոնական

Ռուսաստանում ընթացող «Բանակ–2019» միջազգային 5–րդ ռազմատեխնիկական ֆորումի ընթացքում Ռուսաստանի ՊՆ–ն մի շարք պայմանագրեր է կնքել ավիացիոն միջոցներ արտադրող ընկերությունների հետ, որոնցով ձեռք է բերելու Սու–57 կործանիչներ, Մի–28ՆՄ և Մի–8ԱՄՏՇ–ՎՆ ուղղաթիռներ։

«ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի առևտրի և արդյունաբերության նախարար Դենիս Մանտուրովը հայտնել է, որ պաշտպանական գերատեսչության և «Սուխոյ» գործարանի միջև 76 միավոր Սու–57 կործանիչների գնման պայմանագիրը ստորագրվել է։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահը հանձնարարել էր մինչև 2028 թվականը կազմավերել 3 ավիագունդ, որոնց հիմանական սպառազինությունը կլինի Սու–57 կործանիչը։ Ներկայումս սպասվում է, որ մինչև տարեվերջ ՊՆ–ն կստանա 2018 թվականին կնքած պայմանագրով առաջին Սու–57–ը։ Սու–57–երը Սիրիայում մարտական փորձ են ձեռք բերել։

Սու-57 (Տ-50) կործանիչ
Սու-57 (Տ-50) կործանիչ

ՌԴ պաշտպանության փոխնախարա Ալեքսեյ Կրիվարուչկոն էլ հայտնել է մեկ այլ պայմանագրի կնքման մասին, որով «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգը կմատակարարի 98 միավոր Մի–28ՆՄ ուղղաթիռ։ Այս գործարքը նույնպես Ռուսաստանի նախագահի հանձնարարականն է, և ուղղաթիռների համալրումը սպառազինություն նախատեսվում է ավարտել մինչև 2027 թվական։

Ռուսաստանի ՊՆ–ի և արտադրողի միջև Մի–28ՆՄ ուղղաթիռների գնի շուրջ տարաձայնություններ կային և մարտին Կրիվարուչկոն հայտարարել էր, որ ուղղաթիռների առաջին խմբաքանակը կլինի 6 կամ 18 միավոր։

Մի–28ՆՄ ուղղաթիռ
Մի–28ՆՄ ուղղաթիռ

«Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգը մեկ այլ պայմանագրով պաշտպանության նախարարությանը 2020–2021 թվականների ընթացքում կփոխանցի 10 միավոր Մի–8ԱՄՏՇ–ՎՆ ուղղաթիռ։ Նշված 2 ուղղաթիռներն էլ արդիականացվել են սիրիական փորձով։

«ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ՝ «Բանակ–2019» ֆորումի ընթացքում Ռուսաստանի ՊՆ–ն պետպատվերի շրջանակներում արդեն կնքել է 27 արտադրող ընկերությունների հետ 46 պայմանագիր, որոնց ընդհանուր արժեքը մոտ 1 տրիլիոն ռուբլի է (ներկայիս փոխարժեքով՝ մոտ 15,8 միլիարդ դոլար)։ Վերը նշված պայմանագրերի մասին առավել մանրամասն կանդրադառնանք շուտով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *