ԱՄՆ–ն զինապահեստներ կառուցելու համար գումար է տրամադրել Ուկրաինային

Միացյալ Նահանգներն ու Ուկրաինան հուշագիր են ստորագրել, որով ԱՄՆ–ն Ուկրիանային կտրամադրի 4 միլիոն դոլար, որպեսզի վերջինս կառուցի 6 զինապահեստներ։

Այս մասին հայտնում է ԱՄՆ պետդեպարտամենտի կայքը՝ հավելելով, որ այս ծրագիրը կնպաստի Ուկրաինայում զինամթերքի անվտանգ պահպանմանը։ 6 զինապահեստները պետք է կառուցվեն առաջիկա 2 տարիների ընթացքում։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ 2004–2018 թվականների ընթացքում ԱՄՆ–ն մոտ 40 միլիոն դոլարի օգնություն է տրամադրել Ուկրաինային, որով Ուկրաինան ԽՍՀՄ–ից ժառանգություն ստացած զինամթերքները կամ ոչնչացրել կամ անվտանգ պահեստավորել է։

Նշենք, որ վերջին տարիներ Ուկրաինայում գրանցվել է զինապահեստների պայթյունի կամ հրդեհի 3 խոշոր դեպք։ 2017 թվականին պայթյուններ էին եղել Խարկովում տեղակայված զինապահեստներից մեկում, ապա՝ աշնանը զինապահեստի պայթյունից ոչնչացել էր 32 հազար տոննա զինամթերք, իսկ 2018 թվականին հրդեհվել էր Իչնյայի շրջանում տեղակայված 6–րդ զինապահեստը։

Ուկրաինայում նաև ամերիկյան բանակի ռազմական հրահանգիչները 2015 թվականից մարզում են տեղի զինված ուժերին։ 2019 թվականի ապրիլին ԱՄՆ–ն Ուկրաինաիյին տրամադրել էր 35 միավոր Համմեր մեքենաներ, որոնց մեծ մասը՝ զրահապատ։ Այդ ժամանակ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ստեպան Պոլտորակը հայտնել էր, որ ընդհանուր առմամբ ԱՄՆ–ն մոտ 400 միլիոն դոլարի ռազմական օգնություն է ցույց տվել Ուկրաինային՝ Javelin հակատանկային միջոցներ, ԱԹՍ–ներ, ՌԷՊ, կապի, հրետանու հետախուզության միջոցներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *